ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցություն
Նկարագիր
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2025 թ․ հունվարի 1-ից։ Պետական աջակցությունը տրամադրվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգով։
Ծրագիրն իրականացվում է առցանց եղանակով՝ ծառայությունների միասնական հարթակի միջոցով։ Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ աջակցության հաշվարկը և տրամադրման գործընթացը կազմակերպվում են ինքնաշխատ համակարգի միջոցով՝ հիմք ընդունելով դիմողի և նրա աշխատողների վերաբերյալ համապատասխան պետական շտեմարաններում առկա տվյալները։
Եռամսյակային կտրվածքով տրամադրվում է պետական աջակցություն՝ համապատասխան աշխատողների համար վճարված եկամտային հարկի հետևյալ չափերով՝
- աշխատանքային միգրանտներին՝ 60% (պետական աջակցությունը գործատուի միջոցով տրվում է աշխատանքային միգրանտին),
- նոր աշխատողներ ներգրավելու համար՝ 60% (տրվում է տնտեսավարող սուբյեկտին),
- մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման համար՝ 50% (տրվում է տնտեսավարող սուբյեկտին)։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումը, նպաստել ոլորտում որակյալ մասնագիտական աշխատուժի ներգրավմանը, աշխատողների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև աջակցել բարձր տեխնոլոգիական ընկերությունների աճին և մրցունակության բարձրացմանը։
Ծրագիրը միաժամանակ նպաստում է պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական ներուժի զարգացմանը։
Թիրախային խումբը
Պետական աջակցության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (տնտեսավարող սուբյեկտներ), որոնք իրականացնում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեություն։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշմամբ։
Հայցվող ժամանակաշրջանում տնտեսավարող սուբյեկտի՝ ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հաշվարկներով հայտարարագրված գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետք է ձևավորված լինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից։
Դիմելու չափորոշիչները
Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտը պետք է բավարարի իրավական ակտերով սահմանված պահանջներին, այդ թվում՝
- իրականացնի բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեություն և հաշվետու ժամանակաշրջանում ապահովի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից ձևավորված իրացման շրջանառության սահմանված նվազագույն շեմը,
- դիմելու օրվան նախորդող օրվա դրությամբ չունենա 100,000 ՀՀ դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ,
- համապատասխանի «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով սահմանված այլ պահանջներին։
Դիմելու պայմանները
Պետական աջակցությունը տրամադրվում է եռամսյակային կտրվածքով։
Յուրաքանչյուր եռամսյակի համար աջակցություն ստանալու նպատակով դիմումը ներկայացվում է տվյալ եռամսյակի հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ։
Ժամկետի ավարտից հետո տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դիմումներ չեն ընդունվում։
Դիմելու կարգը
Դիմումը ներկայացվում է առցանց՝ ծառայությունների միասնական հարթակի միջոցով՝
https://hartak.am/services/39dd295c-593d-407d-b5fa-14b819c5f4b5/yesem/
կամ https://benefits.hightech.gov.am/
Դիմումը կարող է ներկայացնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով լիազորված անձը։
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացում «ԵսԵմ» համակարգի միջոցով։
Առցանց դիմումը ներկայացնելիս փաստաթղթեր չեն կցվում։
Համակարգում անհրաժեշտ է լրացնել՝
- տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարը,
- կոնտակտային հեռախոսահամարը,
- էլեկտրոնային փոստի հասցեն,
- վերապատրաստված աշխատակիցների համար աջակցություն հայցելու դեպքում աշխատակիցների ՀԾՀ-ները և հավաստագրման տվյալները։
Դիմումը ներկայացնելուց հետո համակարգն իրականացնում է իրավական ակտերով սահմանված համապատասխան ստուգումները։ Լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում Նախարարությունը կապ է հաստատում դիմողի հետ։
Հայտի հաստատման դեպքում աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած բանկային հաշվեհամարին՝ սահմանված ժամկետում։
Աշխատանքային միգրանտին աջակցության դեպքում աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է ստացված գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել աշխատանքային միգրանտին։
Մերժման հիմքերը
Պետական աջակցության տրամադրումը կարող է մերժվել, եթե՝
- դիմողը չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված պահանջներին,
- ներկայացված տվյալները թերի են կամ չեն համապատասխանում սահմանված պահանջներին,
- դիմելու օրվան նախորդող օրվա դրությամբ տնտեսավարող սուբյեկտն ունի 100,000 ՀՀ դրամը գերազանցող հարկային պարտավորություն,
- առկա են իրավական ակտերով սահմանված մերժման այլ հիմքեր։
Լրացուցիչ տեղեկատվություն
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության գործընթացը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով՝
- «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք,
- ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 450-Ն որոշում,
- ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշում,
- ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 353-Ն որոշում։
Կոնտակտային տվյալներ
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։ benefits@hti.am, info@hti.am
5 րոպե
Մինչև հաջորդ եռամսյակի 1-ին ամսվա վերջին օրը
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
5 րոպե
Մինչև հաջորդ եռամսյակի 1-ին ամսվա վերջին օրը