Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և «Մայքրոսոֆթ»-ի փոխնախագահ Ֆիլիպ Ռոժեն քննարկել են տեխնոլոգիական գործընկերության ընդլայնման հեռանկարները

Բարսելոնայում ընթացող «Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության հանրային հատվածի կորպորատիվ փոխնախագահ Ֆիլիպ Ռոժեի հետ։

Հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է կառավարության ռազմավարական տեսլականը, որն ուղղված է Հայաստանի թվային փոխակերպմանը, տվյալների վրա հիմնված տնտեսության ձևավորմանը և բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի հզորացմանը։ Նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է միջազգային տեխնոլոգիական առաջատարների հետ գործակցության դերը՝ որպես նորարարական ներուժի իրացման և պետական համակարգում ժամանակակից լուծումների ներդրման արդյունավետ գործիք։

Կողմերն անդրադարձել են առկա փոխգործակցության դինամիկային և քննարկել համագործակցության խորացման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գիտելիքի և փորձի փոխանակմանը, ինչպես նաև արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարներին։

Երկուստեք կարևորվել է կրթության և շարունակական ուսուցման դերը՝ որպես նորարարության, տնտեսական աճի և կայուն զարգացման առանցքային խթանիչներ։ Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական վերապատրաստման և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ուսումնասիրել համագործակցության ամրապնդման կոնկրետ ձևաչափերն ու առաջնահերթ ուղղությունները՝ ուղղված Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը։

Նմանատիպ գրառումներ