Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Կիբեռանվտանգության ռիսկերի կառավարում» խորագրով աշխատաժողովին

Ապրիլի 13-17-ը Երևանում անցկացվում է «Կիբեռանվտանգության ռիսկերի կառավարում» խորագրով հնգօրյա աշխատաժողովը, որն իրականացվում է ամերիկյան Քարնեգի Մելոն համալսարանի (Carnegie Mellon University) մասնագետների կողմից։

Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել և արդյունավետ ընթացք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ռիսկերի կառավարումը ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություն է բոլոր ոլորտների համար։ Նրա խոսքով՝ առաջացող խնդիրներին հաճախ հնարավոր է արագ լուծում տալ, սակայն առավել էական է դրանց ժամանակին կանխատեսումն ու կանխարգելումը։

Ռուբեն Սիմոնյանը նշել է նաև, որ ռիսկերը պետք է գնահատվեն ըստ դրանց առաջացման հավանականության և հնարավոր ազդեցության աստիճանի։ Նա ընդգծել է, որ կիբեռանվտանգության ռիսկերի ազդեցությունը ենթակառուցվածքների վրա ներկայում չափազանց բարձր է, ինչը պահանջում է  առավել պատասխանատու և համակարգված մոտեցում: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է միջազգային առաջավոր փորձի տեղայնացումը Հայաստանում՝ բարձր գնահատելով Քարնեգի Մելոն համալսարանի հետ համագործակցությունը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով պաշտոնյա Քրիստին Բուշբին։

Աշխատաժողովը կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա, որոնք ներառում են եվրոպական NIS2 դիրեկտիվի պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության ռիսկերի կառավարման ազգային շրջանակի ձևավորումը, դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքների, գործընթացների ու ուղեցույցների մշակումը, ինչպես նաև պետական համակարգում, կրիտիկական ենթակառուցվածքներում և թվային տնտեսությունում մասնագիտական կարողությունների զարգացումը։Միջոցառման նպատակն է պետական գերատեսչությունների, ակադեմիական համայնքի, ոլորտային կազմակերպությունների և կրիտիկական ենթակառուցվածքների ներկայացուցիչների համագործակցությամբ նպաստել Հայաստանի կիբեռանվտանգային ռիսկերի կառավարման ազգային շրջանակի մշակմանն ու կարողությունների հզորացմանը։

Հնգօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային ստանդարտներին, մշակելու ռիսկերի գնահատման մոդելներ և նախանշելու ոլորտային կրթական նպատակները։ Հատուկ ուշադրություն կդարձվի նաև առաջադրանքների, գիտելիքների և հմտությունների (TKS) քարտեզագրմանը՝ կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Աշխատաժողովի արդյունքներով կձևավորվի գործողությունների հստակ պլան, որը կծառայի որպես հիմք Հայաստանի կիբեռանվտանգության համակարգի շարունակական զարգացման համար։

Նմանատիպ գրառումներ