Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հեռանկարները՝ «Japan IT Week 2026» ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող «Japan IT Week 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավար են այցելել և ողջույնի խոսքով հանդես են եկել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և թվային վերափոխման գրասենյակի կառավարման և խաղաղության հաստատման վարչության տնօրեն Մասաո Շինոն: Հյուրերը  բարձր են գնահատել  հայ-ճապոնական տեխնոլոգիական համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել նմանատիպ հարթակների կարևորությունը երկկողմ կապերի ընդլայնման գործում։

Ցուցահանդեսի ընթացքում ճապոնացի գործընկերների կողմից ներկայացվել են շնորհանդեսներ (pitches) Հայաստանի էկոհամակարգի, ներդրումային գրավչության և ՏՏ ոլորտի մասին, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել ինչպես ճապոնական, այնպես էլ այլ երկրների ոլորտային ներկայացուցիչներ, որոնք ծանոթացել են պետական և մասնավոր նախաձեռնություններին և նախագծերին, ինչպես նաև կազմակերպությունների գործունեությանն ու նորարարական լուծումներին: 

Ցուցահանդեսի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են միջոցառումներ (side events), B2B հանդիպում-քննարկումներ, ինչպես նաև ճանաչողական այցեր մի շարք ոլորտային կենտրոններ։

Առանձին հանդիպումներ են անցկացվել նաև Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), «Sony Network Communications»,  «Sumitomo Corporation» և «YSK e-com» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև երկկողմ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները։

Նմանատիպ գրառումներ