Ինչպես ճիշտ կիրառել արհեստական բանականությունը գործնականում. դասընթաց՝ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հուլիսի 12-13-ը կայացել է ռազմավարական և գործառնական վերափոխման մեջ Արհեստական Բանականության (ԱԲ) դերի և կարողությունների վերաբերյալ դասընթացը:
Մասնակիցներին ողջունել, արհեստական բանականության գործառնական նշանակության և ճիշտ կիրառելիության մասին է խոսել ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Դասընթացի մասնակիցները՝ ՀՀ կառավարության կառուցվածքային և ենթակա մարմինների ներկայացուցիչները, ուսումնասիրել են արհեստական բանականության ազդեցությունը տնտեսական զարգացման վրա, ձեռք բերել գործնական գիտելիքներ արհեստական բանականությունը տնտեսության տարբեր ոլորտներում ու հանրային կառավարման մարմիններում ձևավորելու ու կիրառելու վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում «Մատենա» միջազգային դպրոցի առաջատար մասնագետները ներկայացրել են մի շարք թեմաներ տնտեսության և արդյունաբերության թվային վերափոխակերպման, արհեստական բանականության թվացյալն իրականությունից տարբերակելու, մի շարք այլ թեմաների շուրջ։
Մասնակիցներին հնարավորություն է տրվել բացահայտելու այնպիսի օրինաչափություններ և իրավիճակներ, որտեղ արհեստական բանականությունը կարող է կիրառվել։ Ներկայացվել են նաև օրինակներ անհատական դեպքերի վերաբերյալ: