Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԲ-ի գլոբալ ազդեցությունն ու Հայաստանի տեսլականը․ Մխիթար Հայրապետյանը մասնակցել է  «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի պանելային քննարկմանը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Արհեստական բանականություն. նոր զարկ զարգացող շուկաների համար» թեմայով պանելային քննարկմանը:

Իր խոսքում նախարարն ընդգծել է արհեստական բանականության թեմայով քննարկումների կարևորությունը, քանի որ արագ տեմպերով զարգացող ոլորտում շատ են մարտահրավերներն ու անելիքները:

«Արհեստական բանականության մասին խոսելիս ճիշտ է հիշել հայտնի ասույթը՝ մեդալը երկու կողմ ունի: Մի կողմից ԱԲ-ն մեզ կարող է առաջարկել մի շարք հնարավորություններ և լուծումներ՝   տնտեսության բոլոր ճյուղերում, որոնք կբարելավեն կենսակերպը, մյուս կողմից առկա են բազմաթիվ ռիսկեր ու մարտահրավերներ»-նշել է նախարարը:

Անդրադառնալով ռիսկերին՝ նախարարը խոսել է արհեստական բանականության ռազմականացման վտանգների ու ծանր հետևանքների, դրանց կանխարգելման, ոլորտային մենաշնորհի ձևավորմանը խոչընդոտելու կարևորության մասին, ներկայացրել  ՀՀ կառավարության կողմից միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախարարն առանձնացրել է նաև ՀՀ կառավարության կողմից արհեստական բանականության ներուժն առավելագույնս օգտագործելու, ոլորտը զարգացնելու ուղղությամբ իրականացվող ջանքերը:

Ամփոփելով իր խոսքը՝ Մխիթար Հայրապետյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձգտում է ոչ միայն մասնակից լինել այս գործընթացներին՝ այլ նաև արհեստական բանականության ոլորտում աշխարհում իր ուրույն տեղն ունենալ: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պետք է արհեստական բանականության կիրառության կարգավորումներ մշակի՝ չսահմանփակելով տեխնոլոգիայի զարգացումը: 

Պանելային քննարկման բանախոսների շարքում էին «Reliance Industries Limited»-խմբի ղեկավար Ռոհիտ Բանսալը՝ Հնդկաստանից, Picsart-ի ԱԲ-ն ճարտարագիտության և գործառնական գծով փոխնախագահ Անուշ Ղամբարյանը՝ Հայաստանից, «EMARATSEC» զարգացող տեխնոլոգիաների և առաջադեմ հետազոտությունների աքսելերացիոն կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանի հետազոտական թարգմանությունների և նորարարական գծով պրոռեկտոր Հոդա Ալ Խյազմին, «Social Web» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն, Նյու Յորքի Մաթեմատիկական  և համակարգչային գիտությունների ուսումնական հաստատության գիտությունների թեկնածու Մելորի Կնոդելը՝ ԱՄՆ-ից, պանելային քննարկման մոդերատոր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ավագ խորհրդատու Շեյլա Պայլանը:

Պանելային քննարկմանը հաջորդել են կարճ հանդիպում֊քննարկումներ: Քննարկման մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել նախարարին, քննարկել իրենց մտահոգող հարցերը:

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, որի նպատակն է միավորել քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելու հարցեր հակամարտություններից մինչև տեխնոլոգիա, կլիմայի փոփոխություն և առողջապահություն: Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր: 

Նմանատիպ գրառումներ