Խորվաթիայի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
- Հրապարակվել է՝ 08/02/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի ուղեկցությամբ փետրվարի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։
Հյուրերը ծանոթացել են Թումո կենտրոնի հնարավորություններին, ստեղծված պայմաններին, գործունեությանն ու ծրագրերին, ունկնդրել են Թումոյի ուսանողական երաժշտական խմբի ստեղծագործությունները:
Հաջորդիվ կայացած քննարկման ընթացքում նախարարները և պատվիրակության անդամները կարևորել են կրթական կենտրոնի գործունեությունը, նշել, որ այն կարող է ուրույն դերակատարություն ունենալ Հայաստանի և Խորվաթիայի միջև կրթական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության և ապագա սերունդների միջև կապերի ամրապնդման գործում:
Հանդիպման ավարտին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ընդգծել է, որ շատ տպավորված է կենտրոնի գործունեությամբ և նշել, որ մոտ ապագայում կարելի է դիտարկել Գյումրի և Դուբրովնիկ գործընկեր քաղաքների տեխնոլոգիական կենտրոնների միջև համագործակցության հնարավորությունը: