Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ԱԺ-ում ներկայացրել է ԲՏԱՆ 2025թ. կատարողականը և հիմնական արդյունքները

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 11-ի համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի պետական բյուջեի կատարողականն ու հիմնական արդյունքները: Նկատի ունենալով, որ ռազմարդյունաբերության և տիեզերական ոլորտների գծով բյուջեի կատարողականն արդեն իսկ քննարկվել էր հունիսի 9-ին, ընթացիկ նիստի շրջանակում հաշվետվությունը ներկայացվել է նախարարության մյուս ծրագրերի մասով:

Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2025թ. տարեկան ճշտված բյուջեն կազմել է 24.2 մլրդ․ դրամ, իսկ փաստացի կատարողականը՝ 16.6 մլրդ դրամ, կամ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 68.6%:

2025թ.ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին իրականացվել են հետևյալ ծրագրերը և միջոցառումները.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրով 2025թ. հատկացվել է 31.8 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 17.0 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ 12.2 մլրդ դրամ կամ ճշտված բյուջեի նկատմամբ 71.5 տոկոս։

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև ոլորտային մի շարք միջոցառումներ․ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման 2025թ. փաստացի կատարողականը կազմել է 182.3 մլն դրամ, կամ ճշտված բյուջեի 95.8%:

«Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում, 54.6 մլն դրամի սահմաններում, իրականացվել են տեխնոլոգիական ոլորտի դասընթացներ Հայաստանի 7 մարզերում, որին մասնակցել են 697 անձ:

Գործնական հմտությունների բաղադրիչի շրջանակում՝ 41.6 մլն դրամի շրջանակում իրականացվել է Կիբեռանվտանգության և Ուսանողական հաքաթոնները, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ 65 մասնագետներ և 100-ից ավելի ուսանողներ։

«Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի «ՏՏ դասընթացների կազմակերպման» բաղադրիչով 13 մլն դրամ ֆինանսավորմամբ վերապատրաստվել է 1059 մասնագետ՝ նախատեսված 550-ի դիմաց:

«Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն» միջոցառման համար 2025թ. հատկացված 344.9 մլն դրամից կատարողականը կազմել է 340.0 մլն դրամ (98.6%)։ Նշված միջոցների շրջանակում նախարարության նախաձեռնությամբ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ապահովվել է մասնակցություն 6 ցուցահանդեսի և 4 համաժողովի, ինչպես նաև կատարվել են 2026թ. նախատեսված միջոցառումների 3 կանխավճարային վճարումներ։ 

Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառման համար 2025թ. սկզբնական հատկացումը կազմել է 748.5 մլն դրամ, որը տարեկան ճշտված բյուջեով սահմանվել է 948.5 մլն դրամ: Տարեկան կատարողականը կազմել է 812.0 մլն դրամ՝ ապահովելով ճշտված բյուջեի 85.6%-ը: Նշված միջոցներն ուղղվել են հետևյալ ծախսային ուղղություններին.

2025թ. ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ առաջին անգամ իրականացվել է «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա միջոցառումը, որի պետական աջակցությունը կազմել է 200.0 մլն դրամ: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 250 ստարտափ: 

Ռուբեն Սիմոյանն անդրադարձել է նաև 2024թ.-ից մեկնարկած միջազգային հեղինակավոր «Plug and Play Tech Center» աքսելերատորի հետ համագործակցությանը։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ծրագրի հաջողությունների և մասնակիցների դրական արձագանքների հիման վրա համագործակցությունը երկարաձգվել է ևս երեք տարով։ 2025թ. հոկտեմբերի 15-ից մեկնարկած չորսամսյա ինկուբացիոն ծրագիրը նախատեսված էր վաղ փուլում գտնվող 20 ստարտափի համար։ Ծրագրի 2025թ. բյուջեն կազմել է 336 մլն ՀՀ դրամ: 

Եռամյա համագործակցության շրջանակում 2025թ. նոյեմբերի 21-ին Հայաստանում գրանցվել է «Փլագ Ընդ Փլեյ Երևան» ՍՊԸ-ն, իսկ դեկտեմբերի 12-ին ընկերության հետ կնքվել է 1.62 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ եռամյա պայմանագիր։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2-ական ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր՝ յուրաքանչյուրին մինչև 20 ստարտափի մասնակցությամբ։ 

«Ներուժ 6.0»՝ սփյուռքի տեխնոլոգիական ստարտափներ ծրագրի շրջանակում 2025թ. ստացվել է 68 հայտ՝ աշխարհի 18 երկրից: Գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստան է հրավիրվել 32 ստարտափ:

«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում ստացվել է 66 հայտ: Գնահատման առաջին փուլը հաղթահարած 53 ընկերություններից երկրորդ փուլում հաղթող է ճանաչվել 19 ընկերություն, որոնց տրվել է մինչև 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ: Բյուջեն՝ կազմել է 95 մլն ՀՀ դրամ։ Առաջին փուլը հաղթահարած 53 ընկերությունները  հնարավորություն են ստացել մասնակցելու Նախարարության կողմից իրականացվող ինկուբացիոն դասընթացին։ Բյուջեն կազմել է 10 մլն ՀՀ դրամ։

«Ինժեներական բիզնես աքսելատորի շենքի սպասարկում» միջոցառման համար 2025թ. հատկացված 36.0 մլն դրամն ամբողջությամբ իրացվել է և ուղղվել սուպեր համակարգչի ծախսված էլ.էներգիայի ծախսերի փոխհատուցմանը: Ծրագիրն  ավարտական փուլում է: 2026թ․ վերաբաշխման միջոցով նախատեսվում է հատկացնել 2.7 մլն դրամ:

«Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման շարունակականության ապահովում» միջոցառման գծով 2025թ. հատկացված 1.97 մլրդ դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է շուրջ 1.8 մլրդ դրամ, կամ 90.6 %: Ծրագիրն ավարտական փուլում է:

2025թ. ՏՏ ոլորտի պետական աջակցության համար հատկացվել է 29 մլրդ դրամ, ճշտված բյուջեն՝ 13.4 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը՝ շուրջ 8.9 մլրդ. դրամ, կամ 66.2 % ճշտված բյուջեի նկատմամբ, որի արդյունքում նվազել է ինչպես ծրագրի, այնպես էլ՝ նախարարության ընդհանուր կատարողական ցուցանիշը: Բավարարվել է 886 կազմակերպության դիմում: Ծրագիրը գործելու է հետագա 6 տարիների ընթացքում:  2026թ. հատկացվել է 19.4 մլրդ. ՀՀ դրամ: 

Որպես նոր նախաձեռնություններ՝ 2025թ. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման համար հատկացվել է 65.6 մլն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է։ 2026թ. ավարտական փուլի համար հատկացվել է 18.7 մլն դրամ: 

Հայաստանի նորարարական էկոհամակարգի հիմնադրամին հատկացված 100.0 մլն դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 99.2 մլն. դրամ կամ 99.2%: 2026թ. ևս նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 100 մլն դրամ:

«Հեռահաղորդակցության ապահովում» ծրագրի գծով 2025թ. ՀՀ պետական բյուջեով հատկացվել է 714.3 մլն դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է շուրջ 790 մլն դրամ, իսկ կատարողականը՝ 754.1 մլն դրամ կամ ճշտված բյուջեի նկատմամբ 95.4 տոկոս։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է 4 միջոցառում:

1. «Հեռահաղորդակցության և կապի կանոնակարգում» միջոցառման համար 2025թ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 492.8 մլն դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 470.1 մլն. դրամ կամ 95.4 %: Նշված միջոցներն ուղղվել են Հայաստանի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանմանը։ 

2024 թվականից միջոցառման ծախսերն աճել են, որը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ և վարչական սարքավորումների ձեռքբերմամբ: 

2. Թվային հեռուստահեռարձակման ապահովման ծառայություններ միջոցառման համար ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվում է 200 հազար դոլարին համարժեք դրամ, համաձայն պայմանագրի՝ արբանյակային ունակության վարձակալության համար, որի միջոցով ապահովվում է թվային հեռարձակման ցանցի կենսունակությունը: 2025թ. հատկացված 80.5 մլն դրամն ամբողջությամբ իրացվել է: 

3. Տվյալների փոխանակման միջգերատեսչական կապի ապահովում միջոցառման գծով   2025թ. հատկացված 140.9 մլն դրամի դիմաց ճշտված բյուջեն կազմել է 215.1 մլն դրամ, իսկ կատարողականը՝ 202 մլն դրամ կամ 93.9 տոկոս:

4. Որպես նոր նախաձեռնություն՝ 2025թ. միջոցներ են հատկացվել «Տեսալսողական մեդիա ոլորտի» հիմնադրամի պահպանման համար: 2025թ. հատկացվել է 1.4 մլն դրամ, որպես հիմնադրամի պահպանման ծախս՝ նկատի ունենալով որ հիմնադրամը սկսել է գործել 2025թ. նոյեմբերի վերջից: 2026թ. հատկացվել է 250.0 մլն. Դրամ:

 «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրն իրականացվում է 2024 թվականից: 2024թ. փաստացի կատարողականը կազմել է 430.7 մլն դրամ: 2025թ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 7.1 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 5.1 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 2.5 մլրդ դրամ կամ ճշտված բյուջեի նկատմամբ 48.5 %:

Ծրագրով իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1. Նորաստեղծ «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պահպանման համար 2025թ. հատկացվել է 1.014 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 202.8 մլն դրամ, իսկ փաստացի կատարողականը՝ 99.2 մլն դրամ կամ 48.9%: Ցածր կատարողականը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՊՈԱԿ-ը սկսել է իր գործունեությունը 2025թ. հուլիսից և անձնակազմն ամբողջապես համալրված չէ:

2. «Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառման գծով, որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2025թ. հատկացվել է 4,8 մլրդ դրամ։ Ճշտված բյուջեն կազմել է 5.1 մլրդ. դրամ, փաստացի կատարողականը՝ 2.3 մլրդ դրամ, կամ ճշտված բյուջեի 64.2 %, չբաշխված գումարը կազմում է 90.0 մլն դրամ: 

Ընդհանուր գնահատականներով՝ 2025թ. հատկացված միջոցներից 3.5 մլրդ դրամն, այլ գերատեսչությունների հայտերի հիման վրա, ուղղվել է թվայնացման ծրագրերի ֆինանսավորմանը, որի կատարողականը կազմել է 2.3 մլրդ դրամ։ 1.6 մլրդ դրամն ուղղվել է գերատեսչությունների այլ՝ ոչ թվայնացման նպատակների ֆինանսավորմանը։ Ծրագրի շրջանակում իրականացվել է արտաքին ֆինանսավորմամբ 4 դրամաշնորհային միջոցառում, որոնց բյուջետային սահմանափակումների կառավարիչը (ԲՍԿ) ֆինանսների նախարարությունն է։ 

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի գծով 2025թ. ճշտված բյուջեն կազմել է շուրջ 1.2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվել է։ 

Բացի այդ, կապիտալ ծախսերի իրականացման կարողությունների զարգացման նպատակով հատկացված 91.9 մլն դրամի շրջանակում 2025թ. ձեռք է բերվել 170 համակարգիչ և անհրաժեշտ այլ սարքավորում։ Գործընթացը հիմնվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2025թ. մարտի 28-ի թիվ ԽԱ/8-2025 արձանագրության վրա, որի համաձայն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մեկնարկել է «Անվտանգ ՏՏ ենթակառուցվածքի և լիցենզիաների կառավարման համակարգի ներդրում» պիլոտային ծրագիրը՝ Microsoft 365 փաթեթի կիրառմամբ։ 

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը սպառիչ պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի վերաբերյալ։ 

Նմանատիպ գրառումներ