Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. Մխիթար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան  գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող հերթական հանրաճանաչ ընկերություններից մեկի՝ Grid Dynamics-ի հայաստանյան  գրասենյակ։
Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Միհրան Մինասյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել նորաբաց գրասենյակում, խոսել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության առաջնահերթություններին ու հեռանկարային ծրագրերին։

Նշվել է, որ Grid Dynamics Armenia-ն համագործակցում է մի շարք հայտնի ու համաշխարհային բրենդների հետ։ Հայաստանյան  գրասենյակի բացման օրից մինչ այժմ  ընկերության հայաստանյան թիմը համալրվել է ևս 100 մասնագետներով՝ հասնելով մոտ 300-ի։ Իսկ աշխարհի 18 երկրներում տեղակայված գրասենյակներում աշխատում է ոլորտի ավելի քան 4000 մասնագետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ։Նախարար Հայրապետյանը կարևորել է  նման այցերը՝ ձեռքը ոլորտի զարկերակին պահելու տեսանկյունից: Նախարարը ընկերությանը ներկայացրել է ԲՏԱ ոլորտում նախարարության առաջնահերթությունները, մանրամասնել առաջիկա պլանները և տեսլականը: Ընկերության ներկայացուցիչներն, իրենց հերթին, ընդգծել են՝ Հայաստանը ընկերությունը զարգացնելու, նոր տաղանդներ ներգրավելու տեսանկյունից բարենպաստ երկիր է։ Առանձնացվել է այն ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են ընկերության աճին: Խոսվել է նաև խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից, նախարարությունից ակնկալվող աջակցությունից:

Grid Dynamics-ը թվային տեխնոլոգիական ծառայությունների մատակարար է, որը խթանում է Fortune 1000 ցանկում ընդգրկված ընկերությունների մրցակցային աճը: Ընկերությունն առաջարկում է թվային վերափոխման խորհրդատվություն և դրա իրականացում, մեծ տվյալների վերլուծություն, որոնման, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների ներդրման և հավելվածների մոդեռնիզացման ծառայություններ:

Հատկանշական է, որ 2022-ից իր գործունեությունը Հայաստանում սկսած ընկերությունն արդեն հասցրել է ընդգրկվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների 20 ամենախոշոր հարկատուների շարքում:
Grid Dynamics-ը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան Հովտում։ Grid Dynamics-ը գրասենյակներ ունի նաև Մեքսիկայում, Միացյալ Թագավորությունում, Եվրոպայում և Հնդկաստանում։

Նմանատիպ գրառումներ