Գևորգ Մանթաշյանը Ղազախստանում մասնակցել է UNESCAP-ի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 3-5-ը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին:
Միջոցառման շրջանակում Գևորգ Մանթաշյանը, հանդես գալով ելույթով, մասնավորապես անդրադարձել է թվային նորարարության փորձի և նախաձեռնությունների փոխանակման, հանրային կյանքում դրանց կիրառելիության ու տարածման, ինչպես նաև կայուն զարգացման գործընթացներում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությանը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային, միջսահմանային համագործակցության և թվային լուծումների ներառական հասանելիության կարևորությանը։
Գևորգ Մանթաշյանն իր ելույթում նշել է, որ UNESCAP-ը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման գործում, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թվային համագործակցության ոլորտում, մասնավորապես՝ հզորացնելով հաղորդակցությունը, համագործակցությունը և անդամ պետությունների կարողությունները:
Նախարարի առաջին տեղակալն արագ զարգացող թվային դարաշրջանում հիշեցրել է որոշումների կայացման ազդեցության մասին, քանի որ այսօրվա ընտրությունը ձևավորելու է միլիոնավոր մարդկանց ապագան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա ընդգծել է նաև նման միջոցառումների շրջանակում երկխոսության կարևորությունը՝ որպես բալանսավորված և բազմակողմ որոշումների կայացման միջազգային հարթակ: Ամփոփելով խոսքը Մանթաշյանը նշել է, որ այսօր արդեն հստակ է. թվային համագործակցությունն ուղղակի ընտրություն չէ, այն օրվա հրամայական է:
Այցի շրջանակում նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Թվային զարգացման, Նորարարությունների և Ավիատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի և Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահ Դմիտրի Մունի հետ, քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպումներ և այցեր են եղել նաև «Աստանա Հաբ»-ում և Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի (AIFC) կառավարչի հետ, որտեղ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Միջոցառման ընթացքում Գևորգ Մանթաշյանը մասնակցել է նաև «Թվային առողջություն. նորարարություններ, մարտահրավերներ և ապագայի ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Այս նիստը միավորել էր համաշխարհային առաջատար փորձագետներին և կառավարության ներկայացուցիչներին՝ քննարկելու առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների հիմնական ասպեկտները:
Խորհրդաժողովի ժամանակ ընդունվել է Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով Աստանայի նախարարական խորհրդաժողովի հռչակագրը, որի նախագծի վերաբերյալ քննարկումները մեկնարկել էին 2024թ. մարտ ամսից, որոնց մասնակցել են ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները: Նիստի ընթացքում ընդունվել է նաև նախարարական խորհրդաժողովի զեկույցը: