Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո կազմակերպված Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին (Multi-Stakeholder Forum on Science, Technology and Innovation for the Sustainable Development Goals (STI Forum))։

Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող երկիր, կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը կայուն զարգացման համար՝ նպատակ ունենալով դառնալ տեխնոլոգիական և ինովացիոն տարածաշրջանային կենտրոն: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում միջազգային համագործակցությունը և համերաշխությունը կարող են խթանել Կայուն զարգացման նպատակների իրագործումը՝  նոր հնարավորություններ ստեղծելով 2030 թվականի օրակարգի ավելի արդյունավետ և ճկուն առաջխաղացման համար:

Երկօրյա այցի շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է նաև «Գիտական, տեխնոլոգիական և նորարարական լուծումների դերը՝ որպես կայուն զարգացման նպատակների իրականացման միջոց» խորագրով հարակից միջոցառմանը, որտեղ  ներկայացրել է այդ ոլորտում Հայաստանում տեղ գտած զարգացումները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության տեսլականին՝  համաշխարհային տեխնոլոգիական լանդշաֆտում Հայաստանը տեսնել որպես առաջատար խաղացող:

Միջոցառման շրջանակներում  Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել մի շարք  երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝  Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իռակլի Նադառեիշվիլիի հետ,  ներկայացրել ՀՀ ԲՏԱ նախարարության գործունեությունը, քննարկել  երկկողմ համագործակցության հնարավորությունները:

 

Նմանատիպ գրառումներ