«ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» այս տարի նշվել է «Թվային հմտությունները կյանքում» խորագրով
- Հրապարակվել է՝ 27/04/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Թվային հմտությունները կյանքում» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են հանրապետության 35 թանգարանների և թատրոնների ավելի քան 60 աշխատակիցներ:
Միջոցառմանը ներկա է գտնվել և ելույթի խոսքով հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է միջոցառման կազմակերպումը, որի նպատակը ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածության մեծացումն ու STEM կրթության խթանումն է: Ավետ Պողոսյանը ընդգծել է այն փաստը, որ ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը բավականին բարձր ցուցանիշներ ունի՝ ավելի քան 40 տոկոս, մինչդեռ աշխարհում այդ ցուցանիշը մոտ 20 տոկոս է:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը նշել է, որ «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվան միանում են արդեն 6-րդ անգամ՝ խնդիր դնելով լուծելու լոկալ կարիքները՝ կանանց ներգրավածությունը, մասնագիտական կարողությունները ՏՏ ոլորտում ընդլայնելու նպատակով: Այս տարի ուշադրության կենտրոնում մշակութային հաստատություններն էին՝ թվային միջավայրում նրանց կարողությունների զարգացումը:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են սոցիալական և առցանց հարթակներում էջեր վարելու տարբեր գործիքներն ու հմտությունները, թվային անվտանգության հիմունքները, «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ համագործակցության հնարավորությունները:
Միջոցառումը կազմակերպվել էր «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ների կողմից:
«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը սահմանվել է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից (ITU) և միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով խթանել կանանց ներգրավվածությունը, զարգացնել կարողությունները ՏՀՏ, STEM կրթության ոլորտներում: