Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «ԵՄ-ի մոտեցումն արհեստական բանականությանը» թեմայով TAIEX աշխատաժողովը

Փետրվարի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ԵՄ-ի մոտեցումն արհեստական բանականությանը» թեմայով աշխատաժողովի բացման արարողությունը։ Վերջինս կազմակերպվել է Եվրոպական Միության «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ արհեստական բանականությունը հանդիսանում է այն առանցքային տեխնոլոգիան, որը կարող է էականորեն փոխել տնտեսության և պետական կառավարման բազմաթիվ ոլորտներ։

«Արհեստական բանականությունը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև համակարգային փոփոխությունների հզոր գործիք։ Մեզ համար չափազանց կարևոր է ԵՄ փորձի ուսումնասիրությունն ու համեմատական վերլուծությունը՝ ձևավորելու համահունչ, հավասարակշռված և նորարարությանը չխոչընդոտող կարգավորող միջավայր։ Վստահելի և պատասխանատու ԱԲ-ի զարգացումը մեր պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է»,– ընդգծել է Ռուբեն Սիմոնյանը։

Աշխատաժողովը նվիրված է Եվրոպական Միության արհեստական բանականության կարգավորման մոտեցմանը, վստահելի և պատասխանատու ԱԲ-ի զարգացման սկզբունքներին, ինչպես նաև ազգային կառավարման մոդելներին։ Աշխատաժողովի շրջանակում միջազգային փորձագետների մասնակցությամբ թեմատիկ նիստերի ընթացքում կներկայացվի ԵՄ լավագույն փորձը ԱԲ-ի կիրառման, մեծ լեզվական մոդելների, պետական ծառայություններում ԱԲ օգտագործման, հիմնարար իրավունքների, էթիկայի, տվյալների պաշտպանության  և անվտանգության հարցերի ու այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ։

Միջոցառումը կանցկացվի փետրվարի 10-11-ը՝ պետական կառավարման համակարգի տարբեր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նմանատիպ գրառումներ