Նախարարի առաջին տեղակալն ընդունել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղարին
- Հրապարակվել է՝ 12/05/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսին։
Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերը, Հայաստանի ձեռքբերումները ինժեներական տեխնոլոգիաների, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղություններով։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են 2026 թվականի փետրվարին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որը հիմնարար նշանակություն ունի թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներում երկկողմ գործակցության համար: Քննարկվել է հուշագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները կանաչ էներգիայի, հեռահաղորդակցության և արհեստական բանականության տեխնոլոգիաների ուղղություններով։
Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանում նորարարության և ձեռնարկատիրության խթանման կարևոր հարթակ։ Գևորգ Մանթաշյանը հունական կողմին հրավիրել է մասնակցելու միջոցառմանը՝ առաջարկելով դիտարկել այն հետագայում նաև Հունաստանում կազմակերպելու հնարավորությունը։
Որպես տեխնոլոգիական կրթության հաջողված և օրինակելի մոդել՝ քննարկվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փորձը։
Կողմերը վերահաստատել են փոխգործակցության շարունակական զարգացման հանձնառությունը՝ ուղղված երկկողմ օրակարգի խորացմանն ու նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

