Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանը և ԱՏՁՄ խորհրդի անդամները քննարկել են տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 23-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային նախաճաշին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՏՁՄ առաջիկա ծրագրերին և ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններին։

Կողմերը դիտարկել են ներդրումային միջավայրի բարելավման, կանխատեսելիության, միջազգային գործընկերների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման, միջազգային կորպորացիաների հետ համագործակցության մի շարք հնարավորություններ։

Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել, որ ոլորտային քաղաքականության բարելավումը պետք է իրականացվի մասնագիտական համայնքի հետ կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով։

Քննարկվել են ծրագրային բարեփոխումների և գործնական լուծումների տարբերակներ՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը, միգրանտների համար նախատեսված աջակցության գործիքներին, դրանց կիրառման արդյունավետությանը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված հարցերի շուրջ գործնական լուծումների մշակման և ոլորտի մրցունակության բարձրացման ուղղությամբ։

Նախարար Հայրապետյանը վերահաստատել է պատրաստակամությունը՝ ապահովելու բաց և արդյունավետ համագործակցություն ԲՏԱ նախարարության և տեխնոլոգիական համայնքի միջև՝ նպաստելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի կայուն զարգացմանը։

Նմանատիպ գրառումներ