Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նոր նամականիշ՝ նվիրված մեծանուն հայ բարերար, գործարար Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին․ Գևորգ Մելիքսեթյանը մասնակցել է նամականիշի մարմանը

  • Հրապարակվել է՝ 03/10/2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է «Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությանը:

Մելիքսեթյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, անդրադարձել է հայ մեծանուն գործարար-բարերար Հրանտ Վարդանյանի ծավալած  արգասաբեր գործունեությանը, իրականացրած բազմաբնույթ աշխատանքներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ողջ հայության: Իր խոսքում Մելիքսեթյանն առանձնահատուկ կարևորել է գործարար, բարեգործ, տնտեսական գիտությունների թեկնածու և ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող Հրանտ Վարդանյանի ներդրած ակնառու և ծանրակշիռ անձնական վաստակը մեր երկրի տնտեսական առաջընթացի, արդյունաբերության բնագավառում երկարամյա և բեղմնավոր աշխատանքի, ինչպես նաև բարեգործական գործունեության մեծ դերը:

«Մեծանուն հայի` Հրանտ Վարդանյանի հովանավորությամբ կյանքի են կոչվել մի շարք գիտական, կրթական, մշակութային, առողջապահական նախագծեր, նրա շնորհիվ վերակառուցվել են բազմաթիվ մարզադահլիճներ։ Բարձր գնահատելով նոր սերնդի ազգային դաստիարակությունը՝ Հրանտ Վարդանյանը հիմնադրել է «Հայրենիք» մանկական բարեգործական հեռուստաալիքը: Իրականացրել է մի շարք խոշոր բարեգործական նախագծեր ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ նպաստելով այդ համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նամականիշը հիմք կհանդիսանա, որպեսզի հայ բարերարի անունն ու պատիվը ևս մեկ անգամ հանրահռչակվի»,- մասնավորապես նշել է Մելիքսեթյանը:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ընկերության  գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը, «Գրանդ Հոլդինգ»-ի նախագահներ Միքայել և Կարեն Վարդանյանները, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

1000 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ գործարար, բարերար, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող  Հրանտ Վարդանյանը (1949-2014թթ․), ով մեծ ավանդ է ունեցել  Հայաստանի տնտեսության զարգացման, առաջընթացի, հզորացման, երկրում  բազմահազար աշխատատեղերի ստեղծման և հայկական արտադրանքի արժևորման գործում:

Նամականիշի վրա նշված է «ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նմանատիպ գրառումներ