Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային
- Հրապարակվել է՝ 20/06/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
Սերգեյ Փարաջանովի թանգարանում հունիսի 20-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:
Առաջին նամականիշի վրա պատկերված է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը (1924-1990թթ.), իսկ երկրորդ նամականիշը ներկայացնում է իր «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժը (1989թ.): Նամականիշերի վրա նաև առկա են «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» և «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշերի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: