Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակ թանգարանում հունիսի 20-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակ» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը, Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին (Ներսես Դ. Կլայեցի):
Գեղաթերթիկի վրա պատկերված է Կիլիկիայի Հայկական Թագավորության Հռոմկլա բերդաքաղաքի տեսարանը, ինչպես նաև՝ «Տ.Տ. ՆԵՐՍԵՍ Դ. ԿԼԱՅԵՑԻ», «ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» և «Հռոմկլա» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Իսկ ներքևի աջ հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թթ. օրացույցում:
Ողջունելով ներկաներին՝ Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ․Ասողիկ աբեղա Կարապետյանն ընդգծել է հայոց եկեղեցու մեծագույն հայրապետներից մեկին նվիրված նամականիշի՝ Մայր Աթոռում մարելու խորհրդանշականությունը:
Նամականիշի մարումից հետո սոպրանո Վարդուհի Թորոյանը կատարել է հայկական հոգևոր մեղեդիներ, այդ թվում՝ Ներսես Շնորհալու հեղինակած ստեղծագործություններից:
«Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակ» թեմային նվիրված գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: