Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանում անցկացվել է «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովը


ՀՀ բարձր տեխնոլոգական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 18-ին նախագահական նստավայրում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի բացմանը:

Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն Գիլբերտ Հունգբոն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

ՀՀ վարչապետն իր խոսքում ողջունել է համաժողովը Հայաստանում անցկացնելու ԱՄԿ-ի որոշումը և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ոլորտին առնչվող խնդիրների համար լուծումներ կգտնվեն։
«Աշխատանքի ու աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերը, իհարկե, մեծ մարտահրավերներ են պարունակում իրենց մեջ, և ինչպես նման դեպքերում ասվում է՝ նաև մեծ հնարավորություններ: Ի վերջո, պետք է արձանագրել, որ աշխատանքն է այն գործոնը, որն ընկած է քաղաքակրթության և զարգացման հիմքում: Այս տրամաբանությամբ ժամանակի հետ աշխատանքը, նրա տրամաբանությունն ու բովանդակությունը, նրա հարաբերություններն էականորեն փոխվում են: Իհարկե, շահող են դուրս գալիս այն երկրները և հասարակությունները, ովքեր կարողանում են հասցեագրել ի հայտ եկած մարտահրավերները և հակասությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք թեմատիկ քննարկումներ։ «Զարգացող աշխատաշուկայի մարտահրավերներն ու սոցիալական արդարությունը» թեմայով պանելային քննարկմանը որպես մոդերատոր հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։


«Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախագահությամբ։

Նմանատիպ գրառումներ