Անվտանգային ֆորում՝ նվիրված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին
Դեկտեմբերի 28-ին Երևանում անցկացվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 12-րդ Անվտանգային ֆորումը, որը նվիրված էր Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման խնդիրների քննարկմանը:
«Դեպի բարձր արդյունաբերական տնտեսություն» խորագրով ֆորումի ընթացքում ելույթների և հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման հեռանկարները, ռազմավարական թիրախներն ու նպատակները, բարձր կամ երկակի կիրառության տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման խնդիրները, ինչպես նաև՝ տեխնոլոգիական առաջընթացի կապն անվտանգության խնդիրների հետ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը որպես բանախոս մասնակցել են «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում» խորագրով պանելային քննարկմանը:
Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը խոսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի կարևոր նշանակության մասին: Նա ներկայացրել է ոլորտում առկա իրավիճակը, զարգացման տեմպերը և նախարարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը:
«Երևի թե չկա մեկ այլ ոլորտ, որն իր արդյունքով անդրադառնում է ոչ միայն քաղաքացիների կյանքի որակի, այլև տնտեսության մյուս ճյուղերի վրա: Այդ առումով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը համարվում է գերակա ճյուղ ինչպես ՀՀ կառավարության հռչակմամբ, այնպես էլ իր բնույթով և ընկալմամբ», - նշել է Դավիթ Սահակյանը:
Նշված համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների մասին պետական աջակցության մասին» օրենքի նախագծի ընդունումը, որոնք պատրաստ կլինեն 2024 թ. առաջին կիսամյակում: Դավիթ Սահակյանի խոսքով՝ նշված փաստաթղթերն ուղղված են լինելու երկրի և բարձր տեխնոլոգիական ընկերությունների կարողությունների բացահայտմանը, դրանց գույքագրմանն ու համապատասխան թիրախային աջակցություն ցուցաբերելուն:
Դավիթ Սահակյանը խոսել է նաև ՏՏ ոլորտի շրջանառության աճի և ստարտափ էկոհամակարգի զարգացման բարձր տեմպերի մասին՝ նշելով, որ նախորդ տարի ՏՏ ոլորտն ունեցել է մոտ 555 մլրդ ՀՀ դրամի շրջանառություն, իսկ 2023 թ. 10 ամիսների տվյալներով՝ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է 536 մլրդ ՀՀ դրամ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը խոսել է կառույցի գործառույթների, իրականացվող ծրագրերի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների և օրենսդրական փոփոխությունների մասին: Արտյոմ Մեհրաբյանը նաև հայտնել է, որ այս տարվա ընթացքում Ռազմարդյունաբերության կոմիտեն մասնակցել է պաշտպանական և անվտանգության թեմաներով անցկացված երկու միջազգային ցուցահանդեսի՝ «ԱՅԴԵՔՍ 2023»-ին և «ԷԴԵՔՍ 2023»-ին:
Միջոցառման շրջանակներում Դավիթ Սահակյանը և Արտյոմ Մեհրաբյանը նաև մասնակցել են ՄԱՀՀԻ Ժողովրդավարության երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությանը: