Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի» բացմանը
- Հրապարակվել է՝ 31/05/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
Ինժեներական քաղաքում մայիսի 31-ին բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ինժեներական քաղաքում մասնակցել է Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է ներկաներին, նշել, որ «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» ստեղծումը փայլուն օրինակ է, թե ինչպես պետությունը մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների հետ կարող է համատեղել ջանքերը և ունենալ նշանակալի արդյունք։
« Համոզված եմ, որ այս նախագիծը նպաստելու է հայաստանյան տնտեսության մրցունակության բարձրացմանը՝ բարձր արտադրողականությամբ հաշվողական սարքավորումներ, ամպային տեխնոլոգիաների, մեծ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու միջոցով»,- նշել է նախարարը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը։
«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնն» անվանակոչվել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնը հնարավորություն է տալու շատ արագ կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։