Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գրենոբլում Հայկական պատվիրակությունն այցելել է Schneider Electric ընկերության գիտահետազոտական կենտրոններ

Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքում աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է էներգիայի կառավարման և ավտոմատացման լուծումների ոլորտում համաշխարհային առաջատար Schneider Electric ընկերություն։

Պատվիրակությունը ծանոթացել է ընկերության նորարարական նախագծերին և այցելել IntenCity համալիր, որը խելացի շենքերի լուծումների ոլորտում համաշխարհային առաջատարներից է։ Համալիրը ներկայացնում է էներգախնայող և բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ, որոնք միավորում են էներգիայի կառավարումը, ավտոմատացման համակարգերն ու տվյալների վերլուծությունը՝ ուղղված կայուն զարգացման նպատակներին։

Այնուհետև նախարար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ընկերության Electropole գիտահետազոտական և փորձարարական մշակումների կենտրոն։ Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի էներգետիկ նորարարությունների, «կանաչ» տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արտադրական լուծումների ներդրման նկատմամբ։

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի, ավտոմատացման և արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել գործընկերությունը Schneider Electric-ի հետ և դիտարկել համատեղ նախագծերի իրականացումը, որոնք կարող են նպաստել ինչպես էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, այնպես էլ նոր արտադրական կարողությունների ձևավորմանը։

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության ընդլայնումն էներգետիկ նորարարությունների և կայուն տեխնոլոգիական լուծումների ոլորտներում՝ վերահաստատելով համատեղ նախաձեռնությունների իրագործման պատրաստակամությունը։

Նմանատիպ գրառումներ