Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է Salesforce ընկերության ներկայացուցչին

ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի մասնագիտական ​​ծառայությունների պրակտիկայի ղեկավար Ջոն Բանյանին:

Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպմանն ուղղված ծրագրերը։ Ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների ներդրման, «Ամպայինն առաջինը» (Cloud First) քաղաքականության, կիբեռանվտանգության և թվային կառավարման համակարգերի զարգացման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել առավել արդյունավետ, թափանցիկ և մատչելի հանրային ծառայություններ։

Ջոն Բանյանը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը և նշել, որ Salesforce-ը մշտապես հետաքրքրված է նորարարական լուծումների տարածմամբ այնպիսի շուկաներում, որոնք առաջնահերթություն են համարում թվային առաջընթացը և տաղանդների բացահայտումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համագործակցության մի շարք առաջնահերթություններ` պետական և մասնավոր հատվածների արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Կողմերն անդրադարձել են նաև անվտանգ ամպային տեղակայման մոդելների մշակմանը, որոնք լիարժեքորեն կհամապատասխանեն Հայաստանի տվյալների պաշտպանության օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձին։

Salesforce-ն ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է 1999թ և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (Customer Relationship Management - CRM) աշխարհի խոշորագույն ամպային հարթակներից մեկն է։ Ընկերությունը տրամադրում է լուծումներ վաճառքի, սպասարկման, մարքեթինգի և բիզնես գործընթացների ավտոմատացման համար, որոնք նպաստում են կազմակերպությունների թվային փոխակերպմանը և հաճախորդակենտրոն կառավարման մշակույթի ձևավորմանը։

Նմանատիպ գրառումներ