Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Շանթանու Նարայենին նվիրված մամուլի ասուլիսին
Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ»-ի 2022թ. դափնեկիր՝ Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենին նվիրված մամուլի ասուլիսը։ Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Շանթանու Նարայենը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության կազմակերպչական հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանը, Adobe-ի ինժեներական գծով տնօրեն Արսեն Բաբայանը։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ մեր երկրի համար մեծ պատասխանատվություն է ունենալ պետական մրցանակ և այն հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ «Էփըլ Քոմփյութըր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը, մյուսները։
«Մեր երկրի կառավարության գործունեության հիմքում զարգացած տեխնոլոգիական Հայաստան ունենալու տեսլականն է, որի ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում նախարարությունը։ Մեր մեծագույն նպատակը գիտական հենքի, տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումն ու հզորացումն է։ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հեղինակավոր մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ փոփոխություններ են բերել և առաջարկել լուծումներ՝ դյուրացնելով, նոր հարթության վրա բերելով մարդկության կյանքն ու կենսակերպը:
Նրանց ներկայությունը մեր երկրում գալիս է մեկ անգամ ևս փաստելու և ամրագրելու Հայաստանի ապագան՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող երկիր»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:
Շանթանու Նարայենը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, նշել, որ իր համար մեծ պատիվ է լինել նման պատվավոր մրցանակի դափնեկիր։
«Adobe ընկերությունն ունի նորարարության շատ հարուստ պատմություն: Որպես ընկերություն՝ մեր առաքելությունն է փոխել աշխարհը թվային լուծումների միջոցով: Շատ ուրախ ենք, որ մեր արտադրանքը՝ PDF, ֆոտոշոփ կամ այլ ծրագիր, օգտագործում են միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում։
Մենք բարձր ենք գնահատում Adobe-ի ներկայությունն այստեղ և ինձ համար մեծ պատիվ է ընկերության գրասենյակը ընդլայնել Երևանում»,- ասել է Adobe-ի ղեկավարը:
Արմեն Ավետիսյանը, Հովիկ Մուսայելյանը և Արսեն Բաբայանը ևս շնորհավորել են Շանթանու Նարայենին, անդրադարձել մրցանակաբաշխության պատմությանը, նշանակությանն ու կարևորությանը։
Այնուհետև լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր են ուղղել ասուլիսի բանախոսներին։