Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությանը
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։
Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ նման նախաձեռնությունները չափազանց կարևոր են ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու, շնորհալի երիտասարդների կարողությունները բացահայտելու տեսանկյունից։
«Միկրոէլեկտրոնիկան այն կարևոր ոլորտներից է, որից մեծապես կախված են կարևոր ենթակառուցվածքների կայունությունը, բանկային համակարգը և տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։
Կարևոր եմ համարում նշել, որ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում Հայաստանը ձևավորված կայուն ժառանգություն ունի, և ուրախությամբ այսօր էլ կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ոլորտի առաջատար ուղղություններից է:
Նախարարությունը շարունակական աշխատանքներ է տանում Հայաստանը տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու համար: Վստահ եմ, որ այս միջազգային օլիմպիադան կարող է իր ուրույն դերն ունենալ այս նպատակի իրագործման ճանապարհին»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև օլիմպիադայի կազմկոմիտեի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:
Նրանք ևս շնորհավորել են օլիմպիադայի մասնակիցներին, անդրադարձել միկրոէլիկտրոնիկայի ոլորտում Հայաստանի ունեցած ավանդույթներին, օլիմպիադայի նշանակությանն ու կարևորությանը, ընդգծել, որ այն ուրույն ձևով նպաստում է Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտում առաջատար երկրի ճանաչելիության բարձրացմանը։
Այնուհետև հայտարարվել են 18-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։
Առաջին մրցանակին է արժանացել Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Նիկոլա Բաբիկը, երկրորդ մրցանակին՝ Ֆիլիպ Ստեվանովիչը՝ Սերբիայից, երրորդ մրցանակը կիսել են Էդգար Պապյանը՝ Հայաստանից և Ազրա Ելեզովիչը` Բոսնիա և Հերցեգովինայից։
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 18-րդ օլիմպիադայում մրցել են 270 մասնակից 14 երկրից՝ Հայաստան, ԱՄԷ, ԱՄՆ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:
Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ. և անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո։