Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է GSMA-ի նախարարական համաժողովին
- Հրապարակվել է՝ 06/03/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 27-ից մարտի 1-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2023» (Mobile World Congress 2023) միջոցառմանը։
Համաժողովի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է նախարարական համաժողովին (GSMA Ministerial Programme), որի ընթացքում մասնակից պետությունների ոլորտային գերատեսչությունների ղեկավարները քննարկել են թվային ներառականության և կապի անխափանության հետ կապված հարցեր:
Տարբեր քննարկումների ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ոլորտային հաջողությունները, զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մի շարք հանդիպումներ ունեցել պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։
«Բջջային կապի գլոբալ համակարգ» (GSMA) կազմակերպության Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների հարցերով փոխնախագահ Դանիել Պատակիի հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է «Բջջային կապի գլոբալ համակարգ» կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը։
Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաև Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:
«Բջջային կապի գլոբալ համակարգ» (GSMA) կազմակերպության կողմից անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2023» ամենամյա միջոցառումը, ոլորտային ամենահեղինակավոր ու առանցքային միջոցառումներից է, որը միավորում է էկոհամակարգի ամենաճանաչված ու որոշիչ դեր ունեցող ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: