Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնականին նվիրված մամուլի ասուլիսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024թ. դափնեկիր, Ճապոնիայից Հայաստան ժամանած դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային նվիրված մամուլի ասուլիսին:

Ասուլիսին մասնակցել են մրցանակի դափնեկիր՝ AIPLAB (էյԱյՓի ԼԱԲ) կոնսորցիումի հիմնադիր և արհեստական բանականության գործընկերային համակարգ հանդիսացող LOCOMTEC (ԼոքոմԹեք) լաբորատորիայի նախագահ, դոկտոր Հագիվարան, Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ռուբեն Սիմոնյանը ողջույնի խոսքում բարձր գնահատելով դոկտոր Հագիվարայի մեծ ներդրումը բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում՝ նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանը ձգտում է ճանաչելի դառնալ տեխնոլոգիական աշխարհում՝ վերածվելով տարածաշրջանային տեխնոլոգիական հաբի, իսկ Հագիվարայի անցած ճանապարհը, երազանքների հասնելու վճռականությունն ու կամքը վառ ապացույցն են այն բանի, որ նպատակասլացության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է այն իրականություն դարձնել:

«15 տարի մենք հարգանքի ու շնորհակալության խոսքեր ենք ուղղում մարդկանց, որոնք մեծ ներդրում են ունեցել տեխնոլոգիաների աշխարհում։ Մյուս կողմից՝ 15 տարի անընդմեջ թիմը աշխատում է, որպեսզի նրանց ու նրանց գործը ճանաչելի դարձնի Հայաստանում։ Տարիների այս աշխատանքը երազանքի ու այդ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական հաբ, տաղանդների հաբ։ Այս ճանապարհը, որ մենք անցնում ենք, դա մի քանի տարվա ճանապարհ չէ, դա 15 և ավելի տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում», - ասել է նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիր դոկտոր Հագիվարան, իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ պետական մրցանակի արժանանալու համար, կիսվել է Հայաստանի մասին իր տպավորություններով, ինչպես նաև ներկայացրել հաջողության հասնելու իր ճանապարհը, մասնագիտական հարուստ փորձը:

Մամուլի ասուլիսին ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նմանատիպ գրառումներ