ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արհեստական բանականության պատասխանատու կիրառման վերաբերյալ ԵԱՏՄ ֆորումում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական 5-րդ տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում արհեստական բանականության պատասխանատու կիրառման սկզբունքները» թեմայով պանելային ձևաչափով քննարկմանը։
Քննարկումը նվիրված էր արհեստական բանականության (ԱԲ) դերին՝ որպես Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում թվային ինտեգրման, տնտեսական արդիականացման և նորարարական աճի խթանման կարևոր գործոնի։ Մասնակիցներն անդրադարձել են ԱԲ զարգացման առաջնահերթություններին, տվյալների կառավարման արդյունավետ մեխանիզմներին, ընդհանուր չափորոշիչների ձևավորմանը, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային լուծումների զարգացման անհրաժեշտությանը։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության պատասխանատու և մարդակենտրոն կիրառմանը, կիբեռանվտանգության ապահովմանը և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության զարգացմանը։
Իր ելույթում նախարարի առաջին տեղակալը նշել է, որ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է ոչ միայն առաջադեմ լուծումների ներդրում, այլև պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում։
«Թվային փոխակերպումը միայն նոր տեխնոլոգիաների ներդրում չէ, այլ նաև պատասխանատվություն՝ դրանց անվտանգ, արդյունավետ և վստահելի կիրառման ապահովման համար։ Արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի վստահության, թափանցիկության, մասնագիտական կարողությունների զարգացման, մարդու վրա կենտրոնացած մոտեցումների և միջազգային համագործակցության սկզբունքների վրա»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։
Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները կարող են էական դեր ունենալ արտադրական մրցունակության բարձրացման, պետական ծառայությունների արդյունավետության և նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում։
Գևորգ Մանթաշյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր տեխնոլոգիական և նորարարական ներուժը՝ կարևորելով կրթության, մասնագիտական պատրաստվածության և միջազգային գործընկերությունների դերը տարածաշրջանում վստահելի և մրցունակ ԱԲ էկոհամակարգ ձևավորելու գործում։
Պանելային քննարկումը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կիրիլ Զալեսկին, Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման փոխնախարար Դմիտրի Մունը, Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին առընթեր «Կիզմատ» պետական հիմնարկի տնօրեն Ջապարով Ազամատը, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչներ՝ քննարկելով տարածաշրջանում թվային համագործակցության զարգացման, արհեստական բանականության կիրառման և տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարները։



