ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները և առաջնահերթությունները
- Հրապարակվել է՝ 16/02/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Փետրվարի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները և առաջնահերթությունները։
Ներկայացվել են նաև տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ցուցանիշները, պետական աջակցության նոր գործիքները, ոլորտի ռազմավարության մշակման ընթացքը և առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները։
Նախարար Հայրապետյանն անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) բովանդակային փոփոխություններին, ֆինանսավորման աճին։ Նշվել է, որ 2025 թվականին ԳՀՓՄ ծրագրերի ֆինանսավորումը գերազանցել է 2.1 միլիարդ դրամը՝ շուրջ 50 տոկոսով ավելին, քան նախորդ տարի։
Անդրադարձ է կատարվել ոլորտի ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին, որի շրջանակում սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղություններ՝ արհեստական բանականություն, տվյալագիտություն, մեքենայական ուսուցում, ծրագրային ապահովման մշակում, բիոինժեներիա, այլ տեխնոլոգիաներ։ Ռազմավարության հաստատումը նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև միջազգային աքսելերացիոն ծրագրերի, այդ թվում՝ Plug and Play-ի հետ համագործակցության արդյունքները, «Սևան ստարտափ սամմիթ»-ի, Ինժեներական քաղաքի, «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնի գործունեությունը, 5G տեխնոլոգիայի ներդրման, արբանյակային ինտերնետի հասանելիության, կիբեռանվտանգության և թվայնացման ծրագրերը։
Առանձին անդրադարձ է կատարվել արհեստական բանականության և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ հետ համագործակցությանը։ Նախարարը նշել է, որ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը հիմք է դարձել ոլորտային գործընկերության խորացման համար։ Նշվել է, որ համագործակցության շրջանակում հայտարարվել է Հայաստանում արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման նախաձեռնության մասին, որը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումներով՝ միջազգային տեխնոլոգիական գործընկերների ներգրավմամբ։ Շարունակվում են աշխատանքներն ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ Հայաստանում բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների ձևավորման, ամպային լուծումների կիրառման և տեղական մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ։
Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ձևավորվող համագործակցությունը դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության ուղղություն՝ Հայաստանի տեխնոլոգիական ներուժի միջազգային ինտեգրման և ներդրումային միջավայրի ամրապնդման տեսանկյունից։
Անդրադարձ է կատարվել նաև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի գործունեությանը։ Նշվել է, որ ինստիտուտը ձևավորվել է որպես հարթակ՝ միավորելու պետական կառույցների, մասնավոր հատվածի, գիտահետազոտական կազմակերպությունների և ստարտափների ջանքերը՝ արհեստական բանականության լուծումների մշակման և կիրառման ուղղությամբ։
Ասուլիսի ավարտին նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։


