«Orion Summit 2023»-գագաթնաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Նյու Յորքում մասնակցել է «Orion Summit 2023» ներդրումային գագաթնաժողովին:
«Ստարտափ էկոհամակարգի և երկրի տնտեսական աճը խթանող այլընտրանքային ներդրումներ» և «Վենչուրային կապիտալի և ընտանեկան գրասենյակների կարևորությունը» խորագրերով պանելային քննարկման ընթացքում Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կարողությունների զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը, պետության անմիջական մասնակցությունը ոլորտի զարգացման գործընթացին:
Միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալն այցելել է «Navy Yard» տեխնոպարկ, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Դավիթ Սահակյանը «Runway and Spinouts» ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոնի գլխավորությամբ նաև շրջայց է կատարել «Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech» համալսարանում, որը 20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում։
Ներկայացվել են համալսարանի մագիստրոսական և ասպիրանտուրական ծրագրերը, ստարտափ էկոհամակարգի զարգացման համատեքստում քննարկվել են համագործակցության, գիտնականների փորձի փոխանակման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել համալսարանի ներկայացուցչի այցը Հայաստան, որի շրջանակում տեղի կունենան դասախոսություններ Հայաստանի երիտասարդ գիտնականների և ուսանողների համար:
Միջոցառման շրջանակներում Դավիթ Սահակյանը մասնակցել է նաև «Թվային Ջուղա ցանցի» (Digital Julfa Network) թեմայով տեղի ունեցած պանելային քննարկմանը, հանդիպումներ է ունեցել «Covenant VC»-ի նորանշանակ ղեկավար դոկտոր Արմեն Խերլոփեանի, «Techstars accelerator» ընկերության եկամուտների գծով տնօրեն Ռայան Սփիլանի, «Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների» ընկերության նախագահ Յովհաննէս Մարտիրոսեանի, «WEVE Acceleration» ընկերության տնօրեն Ֆրենսիս Սիմովիցի, ծրագրի ղեկավար Նոահ Հյամի, ծրագրի համակարգող Լեոնոր Մորգենստերի, մի շարք աքսելատորների, մենթորների և խոսնակների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի էկոհամակարգի, ստարտափների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, գիտության, կրթության նոր ծրագրերի, մի շարք այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները:
Միջոցառման շրջանակներում կայացել են քննարկումներ «Արհեստական բանականության և ChatGPT-ի ապագան և ազդեցությունը ստարտափ ընկերությունների վրա», «Կրիպտո և բլոկչեյն շուկաներ», «Տնտեսության աճի վրա թվային փոխակերպման և նորարարության ազդեցության միտումները», «Տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտներում ներդրումային և նորարարության առաջնահերթություններ» և այլ թեմաներով։