Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում է 2025 թվականի մայիսի 6-ից 8-ը Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում կայանալիք «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը:

ԴԵՖԵԱ-ն բարձր հեղինակություն ունեցող միջազգային պաշտպանական ցուցահանդես է, որտեղ միջազգային կազմակերպությունները ներկայացնում են ցամաքային, ծովային, օդատիեզերական, ազգային և կիբեռանվտանգության պաշտպանական համակարգեր։ Այն կազմակերպվում է ROTA Exhibitions Greece-ի կողմից Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո, SEKPY-ի՝ պաշտպանական նյութերի հունական արտադրողների ասոցիացիայի համագործակցությամբ: Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Ցուցահանդեսի նպատակն է՝ ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ներկայացմամբ:

Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային կազմակերպությունների հետ միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական և սպառազինության ոլորտներում նրանց կողմից առաջարկվող լուծումները:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2024 թվականի հունվարի 30-ը, հետևյալ հղումով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-38 հեռախոսահամարով:

Նմանատիպ գրառումներ