Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ «Ներուժ 5.0»-ի` սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ամփոփիչ ասուլիսը

Դիլիջանում սեպտմբերի 24-29-ը կայացել է «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։ Մասնակից ստարտափներից վեցը դարձել են հաղթող՝ ստանալով դրամաշնորհներ՝ Հայաստան վերադառնալու և տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Ներկայացվող գաղափարները գնահատվել են երկու բաղադրիչով՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ»։
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ասուլիսում ԲՏԱՆ ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, ժյուրիի անդամ Ռեմ Դարբինյանը, ծրագրի հաղթող Թաթուլ Աջամյանը ամփոփել են «Ներուժ 5.0»-ի արդյունքները։
Հայկ Ենգիբարյանն ընդգծել է, որ այս տարի շատ ոգևորիչ է եղել հատկապես հետաքրքրվածությունը ծրագրին՝ մասնակցության առումով։ Նշվել է, որ նախնական փուլում 20 երկրից ստացվել է 64 հայտ, առաջնային գնահատումից հետո ընտրվել է 28 ստարտափ, որոնք հրավիրվել էին Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ մրցույթին։ Բանախոսը հատկապես կարևորել է «Ներուժ 5.0» -ի շրջանակում միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play» կազմակերպության գործունեությունը։
Ռեմ Դարբինյանը՝ խոսելով ծրագրի գաղափարի և նշանակության մասին, ընդգծել է, որ անհամբեր սպասում է մոտակա մի քանի տարիներին տեսնելու ոչ միայն հաղթող կազմակերպությունների հաջողությունները, այլև՝ մյուս ստարափների, որոնք մասնակցել են ծրագրին, բայց հաղթողների շարքում չեն։ Դարբինյանի խոսքով՝ այն նորարար ուղղությունները, որ նրանք ստացել են ծրագրի աքսելերատոր «Plug and Play»-ից, թույլ կտա ավելի շուտ հասնել հաջողության և մտնել համաշխարհային շուկա։
Թաթուլ Աջամյանն իր հերթին պատմել է, թե ինչու է որոշել մասնակցել ծրագրին և ինչ լուծումներ է առաջարկում իրենց նախագիծը՝ «Sleep Doctor»-ը։
Նշենք, որ ժյուրիի գնահատման արդյունքում «Գաղափարի փուլ» բաղադրիչով 1-ին մրցանակին է արժանացել «Metacor» ստարտափը, 2-րդ մրցանակին՝ «Sharper Soft»-ը, 3-րդին՝ «Ayki»-ին։
«Աճի փուլ» բաղադրիչով 1-ին մրցանակին է արժանացել «AnzoBio» ստարտափը, 2-րդ մրցանակին՝ «Moby»-ն, 3-րդին՝ «Sleep Doctor»-ը։
Ասուլիսն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=DeD01pxpIKY

Նմանատիպ գրառումներ