Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը այցելել է «Reactive Science» ընկերության նորաստեղծ լաբորատորիա
- Հրապարակվել է՝ 14/02/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 13-ին այցելել է «Reactive Science» ընկերության կողմից Չարենցավանում հիմնադրված լաբորատորիա։
«Reactive Science» ընկերության թիմը 2022 թվականին իրականացված «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթողներից է, որը ժյուրիի գնահատման արդյունքում գրավել էր 2-րդ տեղը՝ ստանալով 15 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ: Ընկերության ներկայացրած գաղափարը լաբորատոր ռեակտիվների արտադրությունն էր, որն օգտագործվում է մոլեկուլային կենսաբանության (PCR), կենսաքիմիայի և իմունային ախտորոշման փորձարկման համար:
Ընկերությունն արդեն առաջին քայլերն է անում ներկայացված գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին. լաբորատորիայի հիմքն արդեն դրված է, առաջիկայում նախատեսում են նաև արտադրություն սկսել։
Ռուբեն Սիմոնյանը շրջայց է կատարել լաբորատորիայով, ծանոթացել սարքավորումներին և իրականացվող աշխատանքներին։ Ընկերության տնօրեն Վահե Օհանյանը, որը ծրագրի արդյունքում ԱՄՆ-ից տեղափոխվել և բնակություն է հաստատել Հայաստանում, նախարարի տեղակալին է ներկայացրել նորաստեղծ լաբորատորիայի հնարավորությունները, որոնց սարքավորումների մի մասը ձեռք է բերվել ստացած դրամաշնորհի միջոցներով։
Ծրագիրը պիլոտային է, առայժմ այն կտեղայնացվի Հայաստանում, հետագայում նախատեսում են գործունեությունն ընդլայնել տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում։