Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ավելի քան 35 սփյուռքահայ ստարտափերներ արդեն Հայաստանում են. Կայացել է «Ներուժ 5.0» ծրագրի պաշտոնական բացումը

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 6-օրյա միջոցառման պաշտոնական բացումը։ Սփյուռքից ավելի քան 35 սփյուռքահայ ստարտափերներ Հայաստան են ժամանել՝ ներկայացնելու իրենց տեխնոլոգիական գաղափարները, զարգացնելու և վերածելու կայուն բիզնեսի հենց Հայաստանում։  Այս տարի ծրագիրն անցկացվում է հոբելյանական՝ 5-րդ անգամ: 

Ծրագրի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես գալով` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է ներուժցիներին, նշել, որ այս  ծրագիրը կարևոր քայլ է սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու և համահայկական ներուժը Հայաստանում կենտրոնացնելու համար, ընդգծել՝ «Ներուժ»-ին մասնակցելը շատերի համար շրջադարձային որոշում է լինելու. տեղափոխվել Հայաստան և ներդրում ունենալ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։ 

Մխիթար Հայրապետյանը կարևոր է համարել ներուժցիներին տեղեկացնել վերջին ամիսներին հայաստանյան  տեխնոլոգիական կյանքի իրադարձությունները, ՀՀ կառավարության ապագա պլանները և երազանքները: Նախարարը խոսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը խթանող օրենսդրական և մի շարք այլ նախաձեռնությունների մասին և նշել, որ դրանց հիմքում Հայաստանը տեխնոլոգիական հաբի վերածելու գաղափարն է դրված։ 

Բացման խոսքով է հանդես եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Վերջինս, շնորհավորելով մասնակիցներին, նշել է, որ սփյուռքի ներուժը, որը դեռ գործուն ուժի չի վերածվել, չի կարելի վատնել, և պետությունը պատասխանատվություն է ստանձնում ստեղծել տարբեր մեխանիզմներ այդ ներուժն օգտագործելու՝ ի շահ մեր տնտեսության, գիտության և  համընդհանուր բարօրության։ 

Հաջորդիվ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ նպատակները, վեցօրյա միջոցառման օրակարգը, այս տարվա նորամուծությունները։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի ներգրավումը ծրագրում, որը 6 օր շարունակ կաշխատի ծրագրի մասնակից ստարտափների հետ, իսկ միջոցառման ավարտից հետո՝ մեկ ամիս կաշխատի ծրագրի հաղթող ստարտափների հետ:

Միջոցառման ավարտին, «Plug and Play»-ի ներկայացուցիչ Ալֆրեդո Գոմես Սորիան խոսել է ընկերության նպատակների և գործունեության մասին, մանրամասներ ներկայացրել աքսելերացիոն ծրագրի թեմաներից և  մենթորներից։     

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին  նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Գիտական ինովացիոն և կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Աէրոդինամիկս» ՓԲԸ նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին  նախարար Հայկ Չոբանյանը, ԱԺ պատգամավոր Արման Եղոյան, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՌՀ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Արման Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ։ 

Ծրագրին մասնակցելու համար այս տարի ստացվել է 64 հայտ՝ 20 երկրից, ընտրվել է 28 ստարտափ` 16 երկրից` Ռուսաստան, Վրաստան, Լիբանան, Քուվեյթ, Հունաստան, Լատվիա, Չեխիա, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա:

«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: 

Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ: 

Նմանատիպ գրառումներ