Նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով կլոր սեղան-քննարկում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ողջունել է ներկաներին, ընդգծել քննարկման հիմնական նպատակը, այն է՝ ապահովել անվտանգ և առողջ առցանց միջավայր երեխաների համար։
«Տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, որտեղ երեխաները բացառություն չեն։ Համացանցը մեծ հնարավորություններ է տալիս սովորելու, զարգանալու և հաղորդակցվելու համար, սակայն հատկապես երեխաների համար այն որոշակի ռիսկեր է պարունակում՝ սկսած վնասակար բովանդակությունից, առցանց հարձակումներից մինչև գաղտնիության խախտումներ, և այլն»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ առցանց հարթակում երեխաների պաշտպանության խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, և այդ գործընթացում պահանջվում է ծնողների, ուսուցիչների, պետական կառույցների և տեխնոլոգիական ընկերությունների համատեղ ջանքերը։
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն կարևորել է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նման ձևաչափով քննարկման կազմակերպումն ու անցկացումը՝ փորձի փոխանակման, ձևավորված համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրենց կառույցի կողմից իրականացվող քաղաքականությունն ու աշխատանքները։
Թեմայի վերաբերյալ առանձին շնորհանդեսներով հանդես են եկել «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ՀՄՄ ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Նատալյա Մոչուն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հեղնար Մելքոմ Մելքոմյանը։
Անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությանը, ազգային ռազմավարության ստեղծմանը, օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությանը, կրթական և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ համագործացկությանը՝ տեղեկատվական անվտանգության ըմբռնման և հմտությունների զարգացման առումով։
Քննարկմանը ներկա էին պետական մարմինների, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՄՄ ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի համագործակցությամբ։