Նախարարի տեղակալը UNIDO-ի Գլխավոր համաժողովի շրջանակներում մասնակցել է մի շարք միջոցառումների, հանդիպումներ ունեցել UNIDO-ի ղեկավարների հետ
- Հրապարակվել է՝ 07/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր համաժողովի 20-րդ նստաշրջանին։
Միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալը մասնակցություն է ունեցել «Արդար գլոբալիզացիա. նորարար լուծումներ վաղվա արդյունաբերության համար» խորագրով նստաշրջանի աշխատանքներին (Fair Globalization: Innovative Solutions for the Industry of Tomorrow): Անդրադարձ է եղել նաև UNIDO-ի կողմից իրականացվող Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ազգային ռազմավարության ծրագրի և դրա իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանն ուղղված աշխատանքներին:
Դավիթ Սահակյանը որպես բանախոս մասնակցել է նաև «AIM Global. Ներառական արհեստական բանականություն. արդյունաբերությունում և արտադրությունում թվային բաժանման կամրջում» խորագրով թեմատիկ հարակից միջոցառմանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է կառավարման ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, նշել, որ արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները նպաստում են արդյունաբերության տարբեր ոլորտների կայուն զարգացմանը։
Միջոցառման շրջանակներում Դավիթ Սահակյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Գերդ Մյուլլերի, UNIDO-ի գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական համագործակցության և կայուն արդյունաբերական զարգացման տնօրինության ղեկավար Սիյոն Զունի և UNIDO-ի համաշխարհային գործընկերության և արտաքին կապերի տնօրինության, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սոլոմիյա Օմելյանի հետ: Վերջիններիս հետ քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված համագործացության հնարավորությունները:
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր համաժողովը գումարվում է երկու տարին մեկ անգամ և համախմբում է բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու և որոշում կայացնելու արդյունաբերության զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ: