Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Նեապոլում մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հուլիսի 3-5-ը Իտալիայի Հանրապետության Նեապոլ քաղաքում մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին, որի ընթացքում քննարկվել են հայ-իտալական տնտեսական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու և զարգացնելու ուղիները:
Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հիմնական բաղադրիչները, Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացը, ձեռքբերումներն ու հեռանկարները: Դավիթ
Սահակյանը նաև անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հնարավորություններին:
Միջոցառմանը մասնակցել են նաև Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջեորջիո Սիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Նեապոլի քաղաքապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ֆրանչեսկո Սենեզեն, իտալացի գործարարներ, WizzAir ընկերության ներկայացուցիչներ:
Համաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ հայ-իտալական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական կապերով, այլև զուգորդվում են գիտական և մշակութային շփումներով, նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանակմամբ:
Համաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել հայ-իտալական խորհրդարանական խմբի ղեկավար Ջուլիո Սենտեմերոյի հետ, քննարկվել են վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպման և հետագա համագործակցությանն հնարավորությունները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը նաև այցելել է «Թեքնո» ընկերություն, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Ջիովաննի Լոմբարդիի հետ, ծանոթացել ընկերության գործունեությանը և քննարկել Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները:
Ընդհանուր առմամբ, Իտալիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակելու քայլերի հերթականության ճանապարհային քարտեզ՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունն ակտիվացնելու և ընդլայնելու նպատակով: