Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին:
Միջոցառման ընթացքում կազմակերպված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» խորագրով թեմատիկ կլոր սեղան-քննարկման շրջանակներում Դավիթ Սահակյանը հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտային ընկերություններին տրամադրվող արտոնություններին, ստարտափների ներդրումների խթանման համար ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման գործընթացին, էկոհամակարգի բարելավման նպատակով ինկուբատորների և աքսելերատորների հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության ձևաչափին, բուհ-մասնավոր համագործակցության շրջանակներում մասնագետների ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին, առաջիկայում ՀՀ-ում կայանալիք ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին։
Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից ֆրանսիական մի շարք ընկերություններին, որոնք ցանկանում են տնտեսական գործունեություն իրականացնել Հայաստանում, կատարել ներդրումներ, ներկայացվել է Հայաստանի տնտեսական ներուժը, Ֆրանսիայի և Հայաստանի միջև ոլորտային համագործակցության ուղղություններն ու հեռանկարները։
Գագաթնաժողովը կազմակերպել էր Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը՝ Փարիզի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, «2021-2026 թվականների հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի» շրջանակներում: