Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Ճապոնիայում մի շարք հանդիպումներ է ունեցել
- Հրապարակվել է՝ 02/11/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հոկտեմբերի 23-27-ը գտնվել է Ճապոնիայում, մասնակցել Չիբա քաղաքում կազմակերպված «Japan IT Week (Autumn)» ցուցահանդեսին։
Այցի շրջանակներում Դավիթ Սահակյանը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի թվային փոխակերպման նախարար Տարո Կոնոյի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի փոխտնօրեն Հորիվակի Յումիկոյի, Մանրամասն պլանավորման ուսումնասիրության թիմի ղեկավար Մասայուկի Ֆուրուկավայի, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) գործադիր փոխնախագահ Նոբուտակա Մայեկավայի, գլխավոր տնօրեն Միյազակի Րյոիչի և նշյալ կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ:
Նախարարի տեղակալին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը:
Ճապոնիայի Թվային փոխակերպման նախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման ընթացքում Դավիթ Սահակյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունը, ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության քաղաքականությունը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Ճապոնիայի հետ գործակցության զարգացմամբ, համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Նախարար Տարո Կոնոն դրական է գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցությունը՝ նշել, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական կրթության որակով և շահագրգռված է Ճապոնիայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների բացմամբ:
JICA-ում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործակալության կողմից Հայաստանում իրականացվող «Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի գործարար համագործակցության ամրապնդման ծրագրի» (The Project for Strengthening Business Collaboration of High-Tech Industry in Armenia) նախաձեռնության ընթացքին վերաբերող հարցեր, կարևորվել է համագործակցության շարունակականությունը և զարգացումը:
JETRO-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, ոլորտի զարգացման դինամիկան, ձեռքբերումներն ու հեռանկարները: Այնուհետև ներկաներն իրենց հարցերն են ուղղել նախարարի տեղակալին՝ Հայաստանի տնտեսական զարգացման, ոլորտում առկա խնդիրների, գործարար միջավայրի վերաբերյալ։