Նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ղազախստանի դեսպանին
- Հրապարակվել է՝ 14/09/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները:
Գևորգ Մանթաշյանը դեսպան Իմանբաևին և Ղազախստանի դեսպանության նորանշանակ խորհրդական Ալիխան Ահմեդովին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործառույթները, նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերը և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև՝ Հայաստանում ՏՏ ընկերությունների գործունեության համար ստեղծված պայմանները:
Նախարարի առաջին տեղակալն առանձնակի ընդգծել է 2023 թ. ապրիլի 28-ին Երևանում գումարված Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի դրական ազդեցությունը երկկողմ փոխգործակցության զարգացման վրա:
Նա նշել է հայկական կողմի հետաքրքրությունը՝ համագործակցություն ձևավորելու Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության և Ղազախստանի փոստային կապի ազգային օպերատոր «ԿազՓոստ» ընկերության միջև: Գևորգ Մանթաշյանը, որպես հաջող համագործակցության օրինակ, մանրամասներ է ներկայացրել նաև «Astana Hub» միջազգային տեխնոպարկի հետ շարունակվող ակտիվ գործակցության մասին:
Բոլատ Իմանբաևը փոխանցել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձի տեքստը, որում ներկայացված է Ղազախստանի տնտեսական զարգացման և իրականացվող բարեփոխումների ծրագիրը: Այս համատեքստում նա ներկայացրել է վիճակագրական որոշ տվյալներ Ղազախստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ ՏՏ ծառայությունների արտահանման ծավալները 2022 թ. աճել են 5 անգամ, իսկ մինչև տարվա վերջ այդ ցուցանիշը կարող է հասնել 500 մլն դոլարի:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետական համակարգի թվայնացման և ստարտափ էկոհամակարգի զարգացման ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը: Նշվել է բարձր տեխնոլոգիաների և տիեզերական ոլորտներում համագործակցության մեծ ներուժի մասին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները նախանշված ուղղություններով համագործակցությունը զարգացնելու նպատակով: