Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի 14-րդ տարեկան հանդիպմանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 26-29-ն աշխատանքային այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տիանջին քաղաքում և մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումի «Նոր չեմպիոնների 14-րդ տարեկան հանդիպում 2023»-ին (Annual Meeting of the New Champions 2023):
Համաժողովի շրջանակում քննարկվել են տնտեսական և արդյունաբերական զարգացումները, գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղիները, դիտարկվել են Համաշխարհային տնտեսական ֆորումի շարունակական նախաձեռնությունների միջոցով տնտեսական առաջընթացի հնարավորությունները:
Համաժողովը բաղկացած է եղել վեց ծրագրային ուղղություններից, որոնք անդրադարձել են մի շարք թեմաների՝ այդ թվում համաշխարհային գնաճ, Էներգիայի փոխակերպում, ՏՏ և առաջավոր տեխնոլոգիաներ: Համաժողովն այս տարի անցկացվել է «Ձեռնարկատիրությունը որպես համաշխարհային տնտեսության շարժիչ ուժ» խորագրի ներքո:
Նախարարի առաջին տեղակալը համաժողովի շրջանակում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները, ներդրումային միջավայրի առավելությունները, ՀՀ կառավարության համար տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման առանցքային նշանակությունը, մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ քննարկել բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները:
Համաշխարհային տնտեսության վերականգնման համար վճռորոշ այս ժամանակաշրջանում հանդիպումը մեկտեղել էր ավելի քան 1500 համաշխարհային առաջնորդների՝ բիզնեսից, կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից ինչպես նաև միջազգային կազմակերպություններից: Հանդիպման առանցքում տարբեր տարածաշրջաններում նորարարությունը և ձեռներեցությունը վերագործարկելու անհրաժեշտությունն էր, ինչպես նաև գտնել արդյունաբերության նոր մոդելներ և գործընկերություններ, որոնք կօգնեն վստահորեն շարժվել դեպի ավելի արդար, կայուն և ճկուն համաշխարհային տնտեսություն: