Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ԱՄՆ-ում մասնակցել է «Արհեստական բանականության (ԱԲ) կառավարում» համաժողովին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի «Արհեստական բանականության (ԱԲ) կառավարում» համաժողովին (AI Governance Summit)։
Այս թեմայով սա առաջին հավաքն էր, որտեղ հիմնական նպատակներից է առաջատար մեծ տեխնոլոգիական կազմակերպությունների, հանրային, ակադեմիական առաջնորդների, հետազոտական կենտրոնների, ուղեղային կենտրոնների և ՀԿ-ների հետ միասին ձևավորել ԱԲ-ն կիրառման և կառավարման կարգ:
Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են արհեստական բանականության ոլորտի առանցքային թեմաներին առնչվող բաց և փակ ձևաչափի քննարկումներ, ինտերակտիվ երկխոսություններ և քննարկումներ, լիագումար նիստեր:
Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է նաև համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «AI Governance Alliance» կառավարման դաշինքի փակ աշխատանքային նստաշրջանին:
Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԱԲ-ն կարգավորման, զարգացման և հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ-ում իրականացվող ԲՏԱՆ նախաձեռնությունները և վարվող քաղաքականությունը։
Քննարկվել են ԱԲ ոլորտում տարբեր երկրների միջազգային համագործակցության ձևավորման, վերահսկողության պահպանման և նորարարությունների խթանման հիմնական ուղղությունները, որը կարող է ծառայել որպես ուղեցույց ԱԲ-ի կառավարման ոլորտում միջազգային համագործակցության համար:
Վերջնական հաշվետվությունը կհրապարակվի Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին Դավոսում 2024 թվականի հունվարին: