Նախարար Խաչատրյանն առցանց քննարկում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 11-ին առցանց ձևաչափով հանդիպում են ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների՝ «Deloitte Transactions & Business Analytics» ընկերության գործադիր տնօրեն Բագրատ Բայբուրթյանի, «FINRA» ընկերության փոխնախագահ Տիգրան Խրիմյանի և «Meduni UMSI» ընկերության գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամերիկայի հայ համայնքի հետ համագործակցության հնարավորությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման նպատակով:
Իր խոսքում նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստ է լսել սփյուռքահայ գործընկերների առաջարկներն ու կարծիքները թեմայի վերաբերյալ: Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել ստարտափ էկոհամակարգի զարգացման, արհեստական բանականության, ռոբոտաշինության, տիեզերական գործունեության, Ազգային վենչուրային հիմնադրամի, «Ինժեներական քաղաք» և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ:
Նաև անդրադարձ է եղել Սփյուռքից Հայաստանի կառավարության ակնկալիքներին, մասնավորապես՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելու և ներդրումների առումով: Այս համատեքստում նախարար Խաչատրյանը նշել է, որ պետք է վերանայվի Սփյուռքից ակնկալվող աջակցության ձևաչափն՝ այն դարձնելով ավելի բովանդակային:
Խոսելով Սփյուռքի հետ արդյունավետ գործակցության հեռանկարների մասին՝ նախարարը մասնավորապես կարևորել է հետաքրքիր բիզնես գաղափարների և ամերիկյան տեխնոլոգիաների վերաբերյալ փորձի փոխանակման, փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունները՝ հատկապես ընդգծելով փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը:
ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ընդգծել են, որ Սփյուռքի ռեսուրսները համակարգման կարիք ունեն, որպեսզի աջակցությունը Հայաստանին ավելի թիրախային դառնա:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քննարկումները, փոխանակված տեղեկությունների հիման վրա ձեռնարկելու գործուն քայլեր: