Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Մալդիվների շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիայի պետնախարար Մուհամեդ Շարիֆին
- Հրապարակվել է՝ 10/11/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Մալդիվների շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիայի պետնախարար Մուհամեդ Շարիֆին, ով նախագահում էր Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի 7-րդ նիստը։
Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղություններն ու իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն կձևավորվի։
Մուհամեդ Շարիֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, իր հերթին ներկայացրել Մալդիվների տնտեսության առանձնահատկությունները, իրենց նախարարության գործունեության շրջանակները: Պետնախարարը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է երկրի պատմությամբ և ժողովրդով: Նա նաև առանձնակի ընդգծել է, որ Երևանում անցկացվող նիստը կազակերպված էր շատ բարձր մակարդակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը երկուստեք ներկայացրել են այդ ուղղությամբ իրենց երկրներում կիրառվող տեխնոլոգիական լուծումները, կիսվել փորձով՝ կապված կապուղիների, կապի օպերատորների, ինտերնետ հասանելիության, և մի շարք այլ թեմաների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների օգտագործմամբ տեխնոլոգիաների զարգացմանը։ Մուհամեդ Շարիֆը նշել է, որ Հայաստանում շատ լավ տեխնոլոգիական թիմերի է հանդիպել և ուրախ կլինի, եթե նրանք մասնակցություն ունենան իրենց մոտ անցկացվող «Մալդիվյան օվկիանոս, Կլիմայի փոփոխությունների լուծումներ» թեմայով հեքեթոնին, ներկայացնեն իրենց գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները։
Հանդիպման ավարտին նախանշվել են համագործակցության մի շարք հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։
Նշենք նաև, որ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի հաջորդ նիստը կանցկացվի Մալդիվներում։