Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոհբանիին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոհբանիին:
Նախարարը շնորհավորել է Մեհդի Սոհբանիին Հայաստանում ԻԻՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-իրանական բազմադարյա, պատմական խորը կապեր ունեցող, բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները և այն ոլորտները, որոնք համակարգում է նախարարությունը: Մեհդի Սոհբանիին է ներկայացվել ԻԻՀ նախորդ դեսպանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու կատարված աշխատանքը, հայկական և իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության ձևավորմանն ուղղված քայլերը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու և նոր համագործակցություններ ձևավորելու ուղղությամբ:
Նորանշանակ դեսպանը գոհունակությամբ փաստել է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և հույս հայտնել, որ երկու երկրները կկարողանան արդյունավետ համագործակցություն ձևավորել նաև գիտելիքահեն և տեխնոլոգիական ոլորտներում: Այս համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Իրանը լուրջ ձեռքբերումներ ունի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում և իր զարգացման տեմպերով բարձր դիրք է զբաղեցնում աշխարհում: Դեսպանի խոսքով՝ Իրանում այժմ կա 7800 գիտելիքահեն ընկերություն, տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող 12 000 ընկերություն և 6 գիտատեխնոլոգիական պարկ՝ 111 000 աշխատակիցներով:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դեսպանի ներկայացրած ցուցանիշները շատ ոգևորիչ են, նաև հիշեցրել է, որ շատ տպավորված էր «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսի ընթացքում իրանական ընկերությունների ներկայացրած լուծումներով:
Կողմերը համաձայնել են, որ միմյանց ճանաչողությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել իրանական և հայկական մասնավոր ընկերությունների փոխադարձ մասնակցությունը երկու երկրներում անցկացվող ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին: Այս համատեքստում նախարար Ռոբերտ Խաչատրյանը հրավիրել է իրանական ընկերություններին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք «ԴիջիԹեք էքսպո 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին, ինչպես նաև՝ 2024 թ. մարտին կայանալիք «ԱրմՀայԹեք 2024» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին: