Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է ՄԱԶԾ ԿԶՆ նորարարական կենտրոն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 28-ին այցելել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն, հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար կազմի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ու ԿԶՆ կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը և ԿԶՆ կենտրոնի աշխատակիցները։
Հանդիպման ընթացքում Տիգրան Ճորոխյանը ներկայացրել է կենտրոնի հիմնական գործառույթների՝ տվյալագիտության, վարքաբանության, դիզայն մտածելակերպի և թվայնացման շրջանակներում իրենց իրականացրած ծրագրերը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը նորարարական նախագծերի, թվայնացման, տվյալագիտության, իրականացվող հետազոտությունների և առաջարկվող լուծումների առումով, որոնք աջակցում են ՀՀ կառավարությանը փաստահենք քաղաքականության մշակման գործում:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին վերահաստատել է Հայաստանի թվայնացման ու թվային փոխակերպման օրակարգին աջակցելու պատրաստակամությունը՝ կարևորելով նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Ընդգծելով Հայաստանում թվայնացման կարևորությունը երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակում՝ կողմերը մտքեր են փոխանակել թվայնացման և թվային փոխակերպման ոլորտներում առկա հիմնախնդիրների, այս ուղղությամբ իրականացվող ընթացիկ և հեռանկարային ծրագրերի ու լուծումների վերաբերյալ: Մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է համագործակցությունը թվայնացման ոլորտում, կենտրոնի մասնակցությունը բաց տվյալների մասին ազգային քաղաքականության մշակման ու հանրային ոլորտում կարողությունների զարգացման գործում։
ԿԶՆ նորարարական կենտրոնը ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությունն է՝ միտված հանրային ոլորտում նորարարության խթանմանը։ Կենտրոնն իր գործունեության վեց տարիների ընթացքում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածում է գիտելիքի և փաստերի, որպեսզի աջակցի պետական կառույցներին արագ փոփոխվող աշխարհում ընթացիկ և հրատապ խնդիրների լուծման ճանապարհին։
Վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կազմակերպելու հանդիպումներ համագործակցությունն ավելի առարկայական դարձնելու նպատակով։