Նախարար Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է ԱՄԷ-ում
- Հրապարակվել է՝ 21/11/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 13-16-ն աշխատանքային այցով եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնակցել «Դուբայ ավիաշոու 2023» 18-րդ ցուցահանդեսին, ունեցել մի շարք հանդիպումներ:
Ռոբերտ Խաչատրյանը «Դուբայ ավիաշոու 2023» միջոցառման շրջանակներում շրջել է ցուցահանդեսի թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ավիատիեզերական և ավիացիոն արդյունաբերության վերջին տեխնոլոգիաներին ու նորարարություններին, մասնակից ընկերությունների կողմից նորարար, ժամանակակից ինքնաթիռների ցուցադրություններին, այցելել մի շարք երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ԱՄԷ-ի ազգային տաղավարներ, հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել միջազգային և ազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել են ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ: Ռոբերտ Խաչատրյանը Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիին հրավիրել է մասնակցելու 2024թ. Հայաստանում կայանալիք «ԱրմՀայԹեք 2024» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին:
Նախարարը նոյեմբերի 15-ին այցելել է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում գտնվող Մոհամմեդ բեն Զայեդի արհեստական բանականության համալսարան (MBZUAI): Նախարարը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել գործող ենթակառուցվածքներին և հնարվորություններին: Այցի ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է MBZUAI-ի հասարակական գործերի և շրջանավարտների հետ հարաբերությունների փոխնախագահ Սուլթան Ալ Հաջիին, վերջինիս հետ քննարկվել են համատեղ կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները:
MBZUAI-ը բարձրագույն հետազոտական ուսումնական հաստատություն է, որի գործունեությունն ուղղված է արհեստական բանականության և նորարարական էկոհամակարգի զարգացմանը: MBZUAI-ի կողմից իրականացվող նորարարական ակադեմիական և հետազոտական նախաձեռնությունները նպատակ ունեն մշակել ապագայի նորարարական լուծումներ:
Ճանաչողական այց է կազմակերպվել նաև Աբու Դաբիի էմիրությունում գտնվող «Մասդար Սիթի», որը հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք: Այցի ընթացքում կենտրոնի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է «Մասդար Սիթիի» գործունեությունը, քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները: