Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Սերենադ Գամիլին:
Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է հայ֊եգիպտական դարավոր բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը: Հաշվի առնելով երկու երկրներում տեխնոլոգիական ոլորտի զարգացման լուրջ նախադրյալները և առկա հնարավորությունները՝ Ռոբերտ Խաչատրյանը շեշտել է, որ հայ-եգիպտական միջպետական հարաբերություններում գործակցության հեռանկարները շատ խոստումնալից են՝ առանձնակի ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել է նաև նախարարության տեսլականը, ոլորտային ծրագրերն ու նպատակները, ինչպես նաև իրականացվող աշխատանքները:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ինչպես նաև Եգիպտոսի ազգային տոնին նախարարի մասնակցության համար: Դեսպանը նշել է, որ բարձր է գնահատում նախարարության հետ փոխգործակցության հնարավորությունը, քանի որ տեխնոլոգիաներն այսօր բոլոր ոլորտներում են և տեխնոլոգիական լուծումների կիրառումն այլևս ոչ թե ընտրություն է, այլ՝ անհրաժեշտություն: Նա նախարարին է ներկայացրել Եգիպտոսի բարձր տեխնոլոգիական լուծումներով նոր մայրաքաղաքի կոնցեպտը. մշակվում է բջջային հավելված, որի շնորհիվ պետական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն բնակիչներին առցանց:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային մի շարք թեմաների, մասնավորապես ՝ փոստի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը: Քննարկվել է նաև երկու երկրների ոլորտային միջոցառումներին փոխադարձ մասնակցության կարևորությունը, մասնավորապես՝ դեկտեմբերի 4-7-ը Կահիրեում կայանալիք «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին հայկական կողմի և «ԴիջիԹեք23»-ին էքսպոյին եգիպտական կողմի մասնակցության հնարավորությունը:
Նախարարը հրավիրել է դեսպանին ճանաչողական այց կատարելու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների և «ՔՈԱՖ» սմարթ կենտրոններ։