Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը
- Հրապարակվել է՝ 20/11/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է «ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որը վերաբերում էր «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ, ՏՏ առաջատար ընկերությունների և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։
Նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին, խոսել ՏՏ ոլորտի նոր օրենսդրության շուրջ պետություն-մասնավոր երկխոսության կարևորության մասին։
Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի առանցքային դրույթները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՏՏ նոր օրենսդրության առանձնահատկությունները, հնարավոր դրական և բացասական ազդեցությունները։ Պետական մարմինների ներկայացուցիչներն ընդգծել են, որ նոր օրենսդրության նպատակն է խթանել ՏՏ հետագա զարգացումը, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է ամրապնդելու համագործակցությունը ՏՏ ձեռնարկությունների և փորձագիտական հանրության հետ՝ գործուն հետադարձ կապ ապահովելու և մասնագիտական կարծիքներ ու առաջարկություններ ստանալու նպատակով։
Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ազգային ներդրումային գործակալության՝ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից։