Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Սիլիկոնյան լեռներ 2023» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին
Հոկտեմբերի 17-ին Երևանում մեկնարկել է «Սիլիկոնյան լեռներ 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է միջոցառման պաշտոնական բացման արարողությանը:
Այս տարի միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը նվիրված էր «խելացի երկրի» մարտահրավերներին և տնտեսության տարբեր ճյուղերում խելացի թվային լուծումների ուսումնասիրմանը:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է միջոցառման անցկացման նպատակն ու նշանակությունը: Նա նշել է, որ «Silicon Mountains»-ը հարթակ է՝ ևս մեկ անգամ շեշտելու մարդու և պետության դերը տեխնոլոգիաների զարգացման և արդյունավետ կառավարման գործում:
Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» ՀՀ պետական մրցանակի 2022 թ. դափնեկիր, Adobe ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, ով հանդես է եկել դասախոսությամբ, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին:
Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված հատուկ ծրարի մարման արարողությունը: Ծրարի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Adobe ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Հատուկ ծրարի վրա պատկերված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» ՀՀ պետական մրցանակի 13-րդ դափնեկիր Շանթանու Նարայենը:
Գագաթնաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ՝ «Խելացի երկիր», «Խելացի բիզնես» և «Խելացի քաղաքացի» թեմաներով:
2019 թվականից՝ արդեն հինգերորդ անգամ անցկացվող «Սիլիկոնյան լեռներ» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչը ՏՀՏԳՄ-ն է: Գագաթնաժողովն ամեն տարի մեկ հարկի տակ է միավորում տեխնոլոգիական ոլորտի հայաստանյան և միջազգային փորձագետների, պետական, հասարակական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների։